Նիկոլը պարադոքսալ պնդում է անում՝ ՔՊ-ին արհեստականորեն բաժանելով ամբողջից
15:20 , 19 հունիս, 2026
Անդրադառնալով ընտրություններին՝ ասուլիս տվող Նիկոլը իմպերատիվ կերպով պնդել է, թե ՔՊ-ի՝ ընտրություններում արձանագրած արդյունքները անխոցելիորեն լեգիտիմ են, և դրանք առնվազն այդ մասով արտահայտում են ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը:
Նիկոլի տակտիկան շատ հստակ է. առաջորդվում է «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով, երբ մի կողմից՝ ընդդիմությանը հայտարարում է՝ կաշառատու, կեղծարար՝ հարյուր հազարավոր մարդկանց քվեի արժեքը զրոյացնելով, մյուս կողմից՝ սեփական քաղաքական ուժի ստացած արդյունքները ներկայացնում է որպես հանրային կամքի անվերապահ ու անբեկանելի արտահայտություն՝ փորձելով կանխավ բացառել դրանց վերաբերյալ ցանկացած քաղաքական կամ հանրային քննարկում։
Առաջանում է տրամաբանական հարց՝ եթե ընտրական գործընթացում գործել են զանգվածային կաշառատվության ու ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մեխանիզմներ, ինչպես Նիկոլն է պնդում, ապա ինչպե՞ս կարելի է նման գործընթացի արդյունքները միաժամանակ հայտարարել լիովին անխոցելի և կասկածից վեր ՔՊ-ի համար։ Նիկոլը պարադոքսալ պնդում է անում՝ ՔՊ-ին արհեստականորեն բաժանելով ամբողջից, և սա՝ մի դեպքում, երբ հայտնի է, թե ինչեր են իշխանություններն արել. հստակորեն արտահայտված բիրտ ռեպրեսիոն մեթոդներ են կիրառել, ահռելի վարչական ռեսուրս են բանեցրել, ատելության խոսք են տարածել, ընդդիմադիրների և ընդդիմախոսների նկատմամբ կիրառել են զանազան ապօրինություններ, ունեցել են հրապարակային անթույլատրելի աջակցություն Արևմուտքի կողմից, սպառնացել պատերազմով, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չկազմի և այլն: Հիմա այսքանից հետո Նիկոլը եկել, ի՞նչ է խոսում:
Խոսում է այն, ինչ որ թուրքերն են հուշում. թուրքերի համար սրա իշխանությունը կենսական հարց է, քանի որ իշխանափոխության դեպքում ազգային երազանքների իրագործում է՛լ ոչ ոք աշխարհում թուրքերին երաշխավորել չի կարողանալու: