Աշակերտներից գումար է հավաքում, արծաթյա զարդեր է պահանջում․ նոր ահազանգ՝ Կոջոյան դպրոցի տնօրենի մասին
17:33 , 19 հունիս, 2026
Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը 2000-ականներից ամուսնուն գրանցել են որպես դասղեկ, բայց նա չունի մանկավարժական կրթություն․ ABC Media-ն նոր ահազանգ է ստացել Ռուզաննա Երեմյանի գործունեության մասին։
Մեզ զանգահարած քաղաքացին կրթահամալիրի նախկին աշխատակից է, աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, ինչպես ինքն է պնդում՝ Երեմյանի պատճառով։
«2022 թվականից, իր պատճառով, ուսուցչական անձնակազմը դիմում գրեց, դուրս եկավ դպրոցից։ Ցենզուրայից դուրս անձնավորություն է, ոնց ուզում՝ խոսում է աշխատողների հետ։ Դպրոցի ներսում ծխախոտ է ծխում։ Դպրոցում ասում է՝ չհամարձակվեք հակադարձել, ես ոնց ասեմ, այդպես էլ անելու եք»,-ABC Media-ի հետ զրույցում պատմել է կրթահամալիրի նախկին աշխատակիցը։
Մեր զրուցակիցն ասում է՝ նույն վարքն է ցուցաբերում նաև Երեմյանի ամուսինը։
«2004 թվականից Երեմյանի ամուսինը՝ Արմեն Սարգսյանը, կրթահամալիրում գրանցված էր որպես դասղեկ, սակայն չունի մանկավարժի որակավորում։ Այդ տարիների մատյաններն ու արխիվները փորձել են վերացնել, որ չբացահայտվի Սարգսյանի՝ անօրինական աշխատելու և փողերի լվացման մասին։ Նույն կրթահամալիրում որպես աշխատող գրանցված է եղել Երեմյանի նախկին հարսը՝ Ստամբուլում բնակվող որդու նախկին կինը»,- պատմել է մեր զրուցակիցը։
Մեզ հետ կապ հաստատած աշխատակիցը խնդրեց իր անձը գաղտնի պահել, պնդում է՝ «Երեմյանը վտանգավոր տեսակ է, գուցե փորձի վնասել»։
«Նա կրթական մակարդակը քանդել է, երեխաները սթրեսված են տուն գնում, գոռում է, վիրավորում է։ Կոպիտ մարդ է, անհավասարակշիռ վարք է ցուցաբերում։ Կաշառք է վերցնում, հայտնի կաշառակեր է, ստիպում է ավարտական դասարանների աշակերտները ամսական 15-20 հազար դրամ հավաքեն, տան իրեն։ Պարտադրում է իր համար արծաթյա զարդեր գնեն։ Դա անում է դասղեկների, ուսմասվարների շնորհիվ, հրահանգում է հավաքել։ Ասում է՝ նվեր չեմ ուզում, ինձ փողը տվեք»,-ասել է Կոջոյան կրթահամալիրի նախկին աշխատակիցը։
Նա վստահ է՝ Երեմյանի՝ պատգամավոր դառնալուց հետո ով էլ տնօրեն նշանակվի, անելու է այնպես, ինչպես ասի ինքը՝ Երեմյանը։
Հիշեցնենք, որ Ռուզաննա Երեմյանը ՔՊ ցուցակով ԱԺ 9-րդ գումարման պատգամավոր է ընտրվել։
ABC Media-ն պատրաստ է ներկայացնել նաև Ռուզաննա Երեմյանի մեկնաբանությունը։ Բայց նախորդ անգամ, երբ մենք տարբեր ահազանգեր ու իր հասցեին մեղադրանքների մասին նրանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ, հրաժարվեց խոսել։ Սկսեց բղավել, սպառնալ, անհարգալից խոսել մեր նկարահանող խմբի հետ, ինչի պատճառով զրույցը չկայացավ։