Նիկոլը սրա հետ կապված մեկնաբանություն չունի՞
12:23 , 19 հունիս, 2026
Օրդուբադում «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III կոնգրես-փառատոնի ժամանակ ադրբեջանցի պատգամավոր Ալեքբերլի Ազիզը Հայաստանից պահանջել է պայմաններ ստեղծել՝ ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի համար, իսկ մի ադրբեջանցի պաշտոնյա էլ հայտարարել է, թե համաժողովը հենց Օրդուբադում անցկացնելու նշանակությունն այն է, որ այն ավելի մոտ է Զանգեզուրի ճանապարհին՝ բարեմաղթելով, որ ադրբեջանցիները Զանգեզուրի ճանապարհով վերադառնան իրենց տները՝ հարգելով նախնիների հիշատակը:
Նիկոլը տեղյա՞կ է այս ադրբեջանական խեղկատակության մասին, մեկնաբանություն չունի՞, Ազիզին ու նրա ցեղակիցներին ասելիք չունի՞: Պնդում է, թե եթե մենք չխոսենք արցախցիների վերադարձի թեմայով, թուրքերն էլ մեր նյարդերի հետ չեն խաղա: Բայց ստացվում է, որ Նիկոլի սերը միակողմանի է. ի սեր Ադրբեջանի ինքն արցախցիների առաջն առնում է,իսկ ահա Իլհամը ճանապարհ է բացում յուր ցեղակիցների համար «Զանգեզուրի միջանցքով»՝ շատ լավ իմանալով, որ ծրագիրը միանգամայն իրագործելի է: Հա երևի, այնուամենայնիվ, ԱԺ-ում ընդդիմադիրների դիմաց դրված Արցախի փոքրիկ դրոշակներն են մեղավոր: Ա՛յ որ դրանք այնտեղից հանեն, Ազիզը Նիկոլի առաջ է՛լ նման պահանջներ չի դնի,հայաստանն էլ «Արևմտյան Արդբեջան» չի համարի…
Թուրքերն անպայման գալու են. Իլհամն է, խոստացել, չէ՞, որ Երևան են գալու ավտոմեքենաներով: