14:26 , 18 հունիս, 2026Hraparak.am-ը գրում է․
Կառավարությունը հունիսի 18-ի նիստում որոշում է ընդունել Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք հողատարածքներ ճանաչել գերակա հանրային շահ և իրականացնել դրանց օտարում։ Քայլը պայմանավորված է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից է Թալին-Լանջիկ շուրջ 18,7 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցումը։ Նախատեսվում է գործող երկգոտի ճանապարհը վերածել միջազգային չափանիշներին համապատասխանող առաջին կարգի քառուղի ավտոճանապարհի։ Արդիականացման աշխատանքները ներառելու են նոր ճանապարհային հանգույցների և ինժեներական կառույցների կառուցում, ինչպես նաև առանցքային հատվածների լուսավորում։
Նախագծի շրջանակում անհրաժեշտ է նաև տեղափոխել տվյալ տարածքում գործող տարբեր ենթակառուցվածքներ և հաղորդակցային ցանցեր։ Սակայն այդ աշխատանքների իրականացման համար պահանջվող հողատարածքները գտնվում են մասնավոր սեփականության ներքո, ինչի պատճառով ծրագրի իրականացումը հնարավոր չէ առանց դրանց ձեռքբերման և օտարման գործընթացի։
Ընդհանուր առմամբ նախատեսվում է օտարել 276 հողակտոր։ Դրանք գտնվում են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Թալին և Մաստարա բնակավայրերում, ինչպես նաև Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ և Սառնաղբյուր բնակավայրերում։ Հողատարածքները անհրաժեշտ են ճանապարհահատվածում առկա կոմունիկացիաների տեղափոխման և ծրագրի անխափան իրականացման համար։
Օտարվող գույքի ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից գործընթացը կկազմակերպի նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Կառավարության որոշմամբ օտարման գործընթացի մեկնարկի վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի մարտի 1-ը։