ԱՄՆ-ի և Իրանի հուշագրի բովանդակությունն արդեն հայտնի է որոշ համաշխարհային առաջնորդների. Կանադայի վարչապետ


13:20 , 17 հունիս, 2026

ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի բովանդակությունը, որը դեռևս պաշտոնապես չի հրապարակվել, արդեն հայտնի է մի շարք համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին: Վարչապետը հաստատել է, որ ծանոթացել է հուշագրին և լիովին պաշտպանում է այն՝ ինչպես և մնացած բոլորը, որոնք մասնակցել են «Յոթնյակի» գագաթնաժողովին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շատ գոհ ենք ձեռք բերված գործարքից։ Այն հիմք է դնում այն բանի համար, որ Իրանը չունենա միջուկային զենք։ Այն հիմք է դնում տարածաշրջանի տնտեսությունների աստիճանական վերաինտեգրման համար։ Այն հիմք է դնում Լիբանանում առկա խնդրի լուծման համար, որը մենք այսօր քննարկել ենք։ Այնպես որ, սա դրական է»,- CNN հեռուստաալիքին հայտնել է Քարնին։

Կանադայի վարչապետի մեկնաբանություններն իրենցից ներկայացնում են համաձայնագրի առաջին գնահատականներից մեկը բանակցություններին անմիջականորեն չմասնակցող անձի կողմից, նշում է CNN-ը։

Քարնին ասել է, որ համաձայնագիրը նախատեսում է 60-օրյա ժամանակահատվածով հրադադար, ինչպես նաև դրանում շարադրված են մի շարք պայմաններ և այն, թե ինչ է տեղի ունենալու, երբ դրանք կատարվեն։

Ինչպես նշում է CNN-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեռևս չի հրապարակել համաձայնագրի տեքստը, որը նախկինում հայտարարվել էր որպես Իրանի շուրջ հակամարտության կարգավորման կարևոր քայլ։ Հրապարակման բացակայությունը քննադատություն է առաջացրել ամերիկացի քաղաքական գործիչների մի մասի կողմից և շահարկումներ ծնել փաստաթղթի բովանդակության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդիսացող Պակիստանի պաշտոնյաները հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը, որը կոչված է վերջ դնելու Մերձավոր Արևելքում պատերազմին։ Փաստաթղթի ստորագրման հանդիսավոր արարողությունը, ինչպես նախատեսված է, տեղի կունենա Ժնևում հունիսի 19-ին։ Իրանի ԱԳ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա զինադադարի ընթացքում կողմերը կքննարկեն, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը։