Գեղամ Նազարյանն առաջարկում է վերանայել տոների և հիշատակի օրերի մասին օրենքը


13:12 , 17 հունիս, 2026

Armenpress.am-ը գրում է․

Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում՝ կարգավորելու տոնացույցում առկա մի շարք հարցեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նազարյանն այս մասին ասաց Ազգային ժողովի նիստում՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը։

Պատգամավորի խոսքով՝ գործող օրենքն ունի կարգավորման կարիք։

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքն այն տեսքով է, որը պատշաճ չէ իրեն հարգող պետությանը։ Փորձել եմ կարգավորել այդ խառնաշփոթը»,-ասաց Նազարյանը։

Նախագծով առաջարկվում է Կինոյի օրը նշել ապրիլի 13-ին՝ ներկայում գործող ապրիլի 16-ի փոխարեն։ Նազարյանի խոսքով՝ օրը կապված է «Նամուս» ֆիլմի առաջին ցուցադրման հետ, որն, ըստ նրա, տեղի է ունեցել ապրիլի 13-ին։

Պատգամավորն առաջարկում է նաև Քաղաքացու օրվա համար սահմանել հստակ օր, քանի որ այն պարբերաբար համընկնում է Ապրիլի 24-ի և Մայիսի 1-ի հետ։

«Առաջարկում ենք Քաղաքացու օրը կոնկրետ օր նշել, որովհետև այն անընդհատ համընկնում է Ապրիլի 24-ի և Մայիսի 1-ի հետ։ Մինչև երկրորդ ընթերցում պետք է քննարկել և կոնկրետ օր սահմանել»,-նշեց պատգամավորը։

Նազարյանն առաջարկում է տոնացույցում ներառել նաև Նավասարդի օրը՝ օգոստոսի 11-ին։ Նրա խոսքով՝ այն պետք է լինի աշխատանքային օր, սակայն ընդգրկվի պետական տոնացույցում։

«Նման հին տոն ունենալ և այն պետական տոնացույցում չընդգրկել, կարծում եմ՝ ճիշտ չի լինի»,-ասաց պատգամավորը։

Նախագծով առաջարկվում է նաև հստակ սահմանել մարզերի և Երևանի տոները նշելու օրեր։ Նազարյանի խոսքով՝ այդ տոները պետք է նշվեն ոչ միայն տվյալ մարզում, այլ ամբողջ հանրապետությունում, որպեսզի մարզերը միմյանց ավելի լավ ճանաչեն։

Պատգամավորը բարձրացրեց նաև մեռելոց օրերը տոնացույցում կրկին ներառելու հարցը՝ նշելով, որ գործող կարգավորումների պայմաններում հաճախ խառնաշփոթ է առաջանում աշխատանքի գնալու կամ չգնալու առումով։

«Սա պետք է կարգավորել մինչև երկրորդ ընթերցում՝ դա պետք է լինի աշխատանքայի՞ն օր, թե՞ ոչ աշխատանքային։ Եթե կլինի աշխատանքային օր, ապա նրանք, ովքեր ցանկություն ունեն այդ օրը լինել իրենց հարազատների շիրիմների մոտ, պետք է հնարավորություն ունենան»,-ասաց Նազարյանը։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1253275