18:34 , 16 հունիս, 2026
ԱԺ-ում ելույթ ունեցող Նիկոլը հայտարարել է, թե խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է, և ՀՀ լեգիտիմ իրավունքն է այդ շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության իրավունքից:
Բացի իրավասահմանադրական ու ներքաղաքական հարթությունից Նիկոլի հայտարարությունում կա լրջագույն աշխարհաքաղաքական բաղադրիչ:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի ներքաղաքական պայքարը վաղուց դադարել է լինել զուտ ներքին հարց և ուղղակիորեն կապված է աշխարհաքաղաքական վեկտորների բախման հետ։ Նիկոլի առաջ Արևմուտքը խնդիր է դրել՝ քաղաքական դաշտը ձերբազատելու ռուսական ազդեցությունից: Հայտարարելով, որ ընդդիմությունն ապալեգիտիմ է՝ Նիկոլը փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել՝ դաշտը «մաքրելու» և իր՝ կասկածելի լեգիտիմությամբ իշխանությունը լեգիտիմացնելու համար: Այն ձայնագրություները, որոնք շինծու կերպով մեջտեղ է հանել իշխանությունը՝ ներկայացնելով ընդդիմությանը որպես կաշառատու ու կաշառատվության արդյունքում ԱԺ-ում հայտնված միավոր, իրականում մեկ հիմնական նպատակ ունեն՝ լեգիտիմացնել այն բռնաճնշումները, որոնք տեսնելու ենք առաջիկայում, և որի բուն նպատակն աշխարհաքաղաքական է իրականում:
Սա՝ մի դեպքում, երբ, փաստորեն, Արևմուտքն աչք է փակում ՔՊ-ի ապօրինությունների վրա՝ սպասարկելով սեփական աշխարհաքաղաքական շահերն ու Նիկոլին սարքելով այն գործիքը, որի միջոցով վերջ է դրվելու Կովկասում ռուսական ազդեցությանը: Իսկ թե դրա հետևանքով Մոսկվան ինչպես կարող է Հայաստանից վրեժ լուծել կամ հակազդել, ոչ մեկին չի հետաքրքրում:
Սա նշանակում է, որ ՌԴ-ն չի կարողանալու այս անգամ Նիկոլի հետ պայմանավորվել՝ հակառակ նույն 2021-ին արձանագրվածի, երբ Մոսկվան, ըստ էության, օգնեց վերարտադրել Նիկոլին՝ չնայած կար իրական հնարավորություն՝ վերջ դնելու այս խայտառակ կատավասիային: