11:58 , 16 հունիս, 2026Հենց առաջին պահից, որ երեխան գետն է ընկել, դեռ նույնիսկ շտապօգնություն չէր եկել, անհայտ էր, թե երեխայի մայրն ով է, մարդ կար, որ տեսել էր, որ գետի մեջ մի երեխա գոռում էր՝ մամա ջան, օգնեք։ Մենք արագ իջանք, գետի կողքերը նայեցինք, չգտանք։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց վանաձորցի Ռոման Յայլոյանը, ով ևս կամավոր մասնակցում է երկու քույրերի որոնողական աշխատանքներին։
«Մենք երեկ մինչև գիշեր ես իմ եղբոր, իմ եղբոր ընկերների հետ մեր մեքենաներով, կամավոր փրկարարների հետ միասին փնտրել ենք, բայց ոչ մի արդյունք դեռ չկա։ Ես երեխաներին չեմ ճանաչում, միայն մորը դեմքով գիտեմ։ Հինգ երեխա ունի։
Սկզբից մենք մի երեխու էինք ման գալիս, բայց հետո, որ մայրը հայտնվեց, պարզվեց, որ երկրորդ երեխան էլ չկա։ Երեկ մեծ քույրն ասել է, որ պետք է «Օրրան» գային, «Օրրան»–ում են նկատել, որ երեխեքը չկան»,–ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։
Ավելի ուշ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են Լոռու մարզում կորած երեխայի մորը, ով հայտնել է, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, և հիմա երկուսն էլ չկան։
Այս պահին մեծ թվով քաղաքացիներ փրկարարներ պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում։