22:26 , 10 հունիս, 2026Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը գրել է.
«Երևանում կա օրենքի գերակայություն։ Եվ դա վերաբերում է բոլորին՝ անկախ ազգանունից, քաղաքական կապերից, բիզնեսի չափից կամ հանրային ճանաչումից։
Հենց այդ պատճառով էլ տարօրինակ է «Պրեգոմեշ» խանութ-սրահի ցուցափեղկին առանց թույլտվության տեղադրված գովազդային տարրի շուրջ ստեղծված աղմուկն ու թեման քաղաքականացնելու փորձերը։
Քաղաքապետարանի արձագանքը պայմանավորված է եղել բացառապես օրենքի պահանջներով։ Տվյալ գովազդային տարրի տեղադրման համար սահմանված կարգով թույլտվություն չի ստացվել, հետևաբար արձանագրվել է ընթացակարգային խախտում։
Ընդ որում՝ խոսքը մի տնտեսվարողի մասին է, որը քաջատեղյակ է գործող կարգավորումներին։ Սա առաջին դեպքը չէ, երբ առանց թույլտվության տեղադրվում են տարրեր, և քաղաքապետարանի մասնագետները կապ են հաստատում և ներկայացնում անհրաժեշտ ընթացակարգերը:
Խախտման վերաբերյալ ահազանգ է ստացվել «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով։ Նման ահազանգեր քաղաքապետարանը ստանում է ամեն օր և արձագանքում դրանց՝ անկախ նրանից, թե ով է տնտեսվարողը կամ ում է պատկանում բիզնեսը։
Թեմային կրոնական կամ հոգևոր ենթատեքստ հաղորդելու փորձերը ևս անհիմն են։ Խոսքը եկեղեցու, կրոնական կառույցի կամ հավատքի խորհրդանիշի մասին չէ, այլ առանց թույլտվության տեղադրված գովազդային տարրի մասին, որի նկատմամբ կիրառվել է նույն մոտեցումը, որը կիրառվում է նման բոլոր դեպքերում:
Տասնամյակներ շարունակ որոշ շրջանակներ սովոր են եղել ապրել այն տրամաբանությամբ, որ իրենց համար կան առանձին կանոններ։ Այդ ժամանակներն անցել են, բոլորը հավասար են օրենքի առաջ»։