Անտուն մնացած Կարապետ Գուլոյանին տնային կալանք են տվել
12:55 , 10 հունիս, 2026
Երեկ գրել էինք, որ Դատախազությունը Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի գործողություններ կատարելու համար։
Մայիսի 12-ին պետության սեփականություն էր գրանցվել Առինջում գտնվող, Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից, բռնագանձված անշարժ գույքի շուրջ 91%-ը։ Քննությամբ պարզվել է, որ Գուլոյանը, իմանալով գույքի վրա դրված արգելանքի մասին, կազմակերպել է տան պատերի, սալիկների, դռների ապամոնտաժում։ Մի խոսքով, Գուլոյանը փորձել է բարեկարգել առանձնատունն ու ընկել իրավապահների ձեռքը։
«Հրապարակ»-ի տեղեկություններով`անցած գիշեր նախաքննական մարմինը ափալ-թափալ նախկին պաշտոնյային կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը այսօր լուսադեմին՝ ժամը 5։00-ին մերժվել է։ Մեզ հասած լուրերի համաձայն` դատարանը Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը` համակցված գրավով` 20 միլիոն դրամի չափով։
Ստացվում է, որ Կարապետ Գուլոյանին եւ զրկեցին տնից, եւ տնային կալանք տվեցին, իսկ թե որտեղ է կրելու կալանքը անտուն մնացած Գուլոյանը, կփորձենք պարզել առաջիկայում։