Մաքրասիրության ձևավորումը երեխայի մոտ


04:21 , 11 հոկտեմբեր, 2013

Մաքրասիրության ձևավորումը երեխայի մոտDoctors.am-ը գրում է.

Ոչ ոք չի սիրում խոստովանել, որ ինքը փնթի է և անմաքրասեր։ Մենք բոլորս, անկախ այն բանից, թե օրվա ընթացքում երկու անգամ ենք մաքրում մեր ատամները, թե ոչ, և արդյոք ամե՞ն առավոտ ենք լոգանք ընդունում, գտնում ենք, որ դա անհրաժեշտ է։ Այլ կերպ ասած՝ մենք ապրում ենք այնպիսի հասարակության մեջ, որը բոլորից մաքրասիրություն է պահանջում և ցանկանում է բոլորին մաքրասեր դարձնել։ 
Առողջապահական միջոցառումներն ու հիգիենան ընկած են ժամանակակից մարդու կյանքի հիմքում։ Բացի այդ, հասարակության մեջ մեր դիրքը որոշ իմաստով և բավականին մեծ չափով պայմանավորված է մեր մաքրասիրությամբ և մեր տան մաքրությամբ։ Այդ բանը լավ հասկանալով, մենք գերադասում ենք չխոսել երբեմն մեզ բնորոշ ոչ այնքան անթերի սովորությունների մասին։ Եվ եթե երբեմն մոռանում ենք մաքրել գորգի տակի փոշին, ապա, համենայն դեպս, ջանում ենք, որպեսզի նրա մակերեսը հյուրերը մաքուր տեսնեն։
Իսկ երեխաները միանգամայն անտարբեր են դրա նկատմամբ և շատ պարզ պատճառներովչեն կարող մեր այդ նույն հոգսերն ունենալ։
Նախ` երեխաներին այնքան էլ չի հուզում, թե մարդիկ ինչ կասեն իրենց փնթիության։ Երկրորդ՝ կեղտը նրանց համար նույնքան տհաճ չէ, ինչպես մեզ համար: Երրորդ՝ երեխաների մեջ դեռ բազմայա սովորություններ չեն ձևավորվել և նրանք չեն կարող, մաքրասեր երևալու համար  ինքնաբերաբար կատարել բոլոր անհրաշժեշտ գործողությունները։ Չորրորդ՝ նրանք ձանձրանում են, երբ մենք համաշխարհային նշանակության խնդիր ենք դարձնում այն, ինչ նրանց աչքում էական բան չէ։ Երեխաները մեր պահանջները չեն կատարում, քանի որ հաճախ չեն հասկանում դրանց նշանակությունը և երբեմն նույնիսկ սկսում են ատել մեզ, քանի որ նրանց շատ ենք նման բաներ պարտադրում։ 
Շատ մեծահասակներ հուսահատվում են, որ իրենց երեխաներին չեն կարող մաքրաքրասիրություն ու ճշտապահություն սովորեցնել։ Որպեսզի երեխան մաքրի ատամները, կանոնավոր  լոգանք ընդունի, ուտելուց առաջ լվացվի, հավաքի իր խաղալիքները, համապատասխան տեղում կախի իր հագուստները, և այլն, և այլն, ստիպված ընդհուպ մինչև պատանեկան տարիքը, երբեմն նաև դրա֊նից հետո, մշտապես հարկ է լինում հիշեցնել այդ ամենը։
Ժամանակի ընթացքում մենք ավելի հաճախակի ենք հանգում այն մտքին, որ մեր երեխան ոչ միայն փնթի է, այլև ծույլիկ, և սկսում ենք ավելի վճռական միջոցներ ձեռնարկել։ Կամ, վերջնականապես հուսահատվելով, հաշտվում ենք այն մտքի հետ, որ անօգուտ է որևէ բան անել և մնում է հույսը դնել ապագայի վրա։ Այստեղ ամենածիծաղելին այն է, որ մեզնից ոչ ոք չի հիշում, որ ինքն էլ մանկության տարիներին փնթի ու կեղտոտ է եղել։ Իսկ այժմ, մաքրասիրության հարցում մենք ակնկալում ենք, որ երեխան ետ չմնա մեզնից` լիովին մոռանալով, թե այդպիսին դառնալու համար մեզ ինչքան ժամանակ է պահանջվել։
Դե, ինչ, ուրեմն ստացվում է, որ մենք ոչինչ անել չե՞նք կարող։ Արդյո՞ք ստիպված ենք լիովին համակերպվել երեխայի փնթիության հետ, թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ բան կարելի է ձեռնարկել։ Սխալ կլիներ ակնկալել, թե երեխան, մեծանալով, այլևս փնթի ու թափթփված չի լինի։ Ծնողներն, այսպես թե այնպես ազդում ենք փոքրիկի զարգացման վրա և, չցանկանալով ամեն ինչ ինքնահոսի մատնել, հաճախ չափից ավելի ջանասիրություն են հանդես բերում։ Հատկապես այդպես են վարվում, երբ երեխայի գործողությունները հակասում են մաքրասիրության վերաբերյալ մեր հայացքներին։
Իսկ ի՞նչ պետք է անել
Առաջին. անհրաժեշտ է վերանայել անհատական հիգիենայի վերաբերյալ մեր տեսակետներն ու սովորությունները։ Հնարավոր է, որ մենք չափից ավելի մանրախնդիր ենք։ Այսպիսի հարցեր տվեք ինքներդ ձեզ. երբ շատ հոգնած եք՝ վերարկուն ամեն անգամ պարտադի՞ր է պահարանում կախել։ Մեր բնակարանը մի՞շտ պետք է այնպիսի տեսք ունենա, կարծես մեր պետին ճաշի ենք հրավիրել: Եթե ատամները մոռանանք մաքրել՝ դրանք կթափվե՞ն։ Դիտենք այլընտրական դեպք. գուցե հենց մենք ինքնե՞րս՝ ենք մեր կեղտոտ հագուստով ու փնթի տեսքով օրինակ ցույց տալիս մեր երեխաներին։ ճիշտ կլինի նաև, եթե ինքներս մեզ հարցնենք, թե երեխաների նկատմամբ մեր սերը համեմատակա՞ն է արդյոք նրանց հնազանդությանը։ Նրանք զգո՞ւմ են, որ սիրում ենք իրենց նույնիսկ այն դեպքում, երբ ճաշի են նստում կեղտոտ ձեռքերով։ Իսկ գուցե մշտապես հանդիմանելով՝ մենք նրանց հեռացնո՞ւմ ենք մեզնից, մերժելով նրանց սերը։
Այս հարցերը մեր առջև պետք է դնենք ամենից առաջ այն նպատակով, որպեսզի որոշենք մեր խնդրի իրական սահմանները։
Չէ՞ որ, իսկապես, չափի զգացումը կորցնելն ու իրերը չափազանցված տեսնելը շատ հեշտ է: Եթե մեր երեխան իրեն երջանիկ է զգում և դրանից բացի, այլ դժվարություններ չի ստեղծում, ակնհայտ է, որ մաքրասիրության հետ կապված պատմությունն այնքան էլ կարևոր չէ։ Իսկ եթե, ընդհակառակը, նրա փնթիությունը մեզ հետ ունեցած տարաձայնություններից միայն մեկն է, խնդիրն ավելի լայն է դառնում։
Խնդրին ճիշտ մոտենալով և մաքրասիրության ու կարգ ու կանոնի նկատմամբ երեխայի վերաբերմունքին սթափ հայացքով նայելիս մենք կհասկանանք, որ այլ դժվարությունների  համեմատ  այն  աննշան  մի բան է։ Մենք կարոդ ենք խթանել երեխային, որպեսզի մաքրասեր լինի, խրախուսել նրան, ներգրավել որևէ մրցակցության մեջ և երբ, վերջապես, մեր համբերությունը հատնի՝ հանդիմանել նրան։ Սակայն շատ կարևոր է այդ խնդիրն ամեն օր չքննարկել։ Ինչպես և մենք, երեխան հոգնում է դրանից։ Քանի որ մենք չենք կարող հուսալ, որ մաքրասիրու-թյանն ու կարգ ու կանոնին նա նույնպիսի նշանակության կտա, ինչ և մենք, ապա ավելի լավ է նրա հետ այնքան լավ հարաբերաթյուններ հաստատել, որպեսզի նա մեր ցուցումներն ու խորհուրդները բարեկամաբար ընդունի։ 
Կարճ ասած՝ ծնողների և երեխաների միջև հաստատվող բարեկամական հարաբերություններից լավ ոչինչ չկա։ Եթե երեխայի եետ մեր հարաբերությունները հավասարակշռված ու բարեկամական են, ապա նա համենայն դեպս, բարի կամք է դրսևորում, եթե նույնիսկ չի համաձայնվում մեզ հետ, որ ամեն օր անհրաժեշտ է լվացվել։ Դրա հետևանքով նա իր զարգացման համար կարևոր դաս է ստանում, նա հասկանում է, որ կարելի է բոլորովին էլ չսիրել այն, ինր անում ես, բայց այդ գործը, այնուամենայնիվ, կարևոր համարել, ընդ որում՝ ոչ միայն այն պատճառով, որ ուրիշներն են պահանջում։ Իսկ դա պակաս կարևոր նվաճում չէ։
Եթե երեխայի հետ մեր փոխհարաբերություններից է մեծապես կախված, թե նա կհամաձայնվի՞, արդյոք, որ անհրաժեշտ է հոգ տանել սեփական մաքրության և տան կարգ ու կանոնի մասին, ապա կան շատ մանրուքներ, որոնք երբեմն թույլ են տալիս վերջնական հաջողության հասնել։ Օրինակ. խաղալիքներն   իրենց   տեղը   դնելու աժեշտության մասին երեխային ավելի լավ է հիշեցնել այն պահին, երբ նա դեռ չի հրապուրվել մեկ այլ հետաքրքիր զբաղմունքով, որից չի ցանկանա հրաժարվել։ Իսկ սովորաբար հակառակն ենք անում, խնդրում ենք կարգ հաստատել այն Ժամանակ, երբ նա արդեն ի վիճակի չէ կտրվել հեռուստացույցից, խաղից, որևէ այլ սիրած զբաղմունքից։ Այլ կերպ ասած` ցուցումներ և կարգադրություններ անելիս պետք է վստահ որ երեխան ուշադրությամբ կլսի և կկարողանա կատարել ձեր խնդրածը։ 
Երկրորդ. մենք կկարողանանք խթանել երեխայի ինքնուրույնությունը, եթե ժամանակ առ ժամանակ օգնենք նրան։ Հաճախ չափից ավելի ենք ջանում ստիպել, որ նա ամեն ինչ ինքնուրույն անի։ Մեզ համար հաճելի է մտածել, որ դրանով օգնում ենք նրան ինքնուրույն դառնալ, բայց իրականում մեր վարքի  հետևում  թաքնված է  լինում ձանձրալի գործից օձիքն ազատելու ցանկությունը:
Երրորդ. չի կարելի մոռանալ, որ փոքրիկն ունի ընդօրինակելու հակում։ Դրանից կարելի է օգտվել։ Ցույց տվեք նրան, թե դուք ինչպես եք ձեր իրերը տեղը դնում, ինչպես եք հոգ տանում մաքրության և պատշաճ տեսք ունենալու մասին։ Եվ նա կտեսնի, որ դուք կանոնավոր կերպով նույն բանն եք անում, ինչ իրենից եք պահանջում։
Չորրորդ. Եթե հնարավոր Է, երեխային այնպիսի մի տեղ պետք Է տանել, որտեղ նա կարող Է ուզածի չափ կեղտոտվել։ Ցավոք, մենք ճշգրիտ տվյալներ չունենք այն մասին, թե դրա համար ինչպիսի տարածություն Է պետք, առավել ևս չգիտենք, թե ինչ չափերի Է հասնում կեղտոտվելու պահանջը, որ ժամանակ առ ժամանակ ունենում են երեխաները։
Հինգերորդ. մի քանի անգամ հիշեցրեք երեխային, որ իր անվավոր չմուշկները ընկած են հյուրասենյակի կենտրոնում։ Նշանակում Է, դրանք իրեն բոլորովին պետք չեն կամ նա այլևս սահել չի ուզում, եթե դրանց մասին հոգ չի տանում և տեղը չի դնում։ Մի քանի անգամ նման նկատողություն անելուց հետո կարոդ եք հեռացնել չմուշկներն ու երեխային վերադարձնել միայն այն բանից հետո, երբ նա խոսք տա, որ այսուհետև դրանք կդնի ուր որ հարկն Է։
Վեցերորդ. պետք Է ամեն ինչ անել, որպեսզի մաքրասիրությունը երեխայի համար սովորություն դառնա։ Իսկ դա նշանակում Է, որ անօգուտ Է փոքրիկին համոզել, թե ատամները պետք Է մաքրել՝ կարիեսը կանխելու համար։ Ատամները պետք Է մաքրել, որովհետև այդպես Է պետք։ Որքան Էլ հիմար թվա այդ միտքը, մենք պետք Է ասենք երեխաներին. "Մենք մեր ատամները մաքրում ենք, որովհետև մաքրում ենք, և վերջ"։ Համոզելը, նվերներ տալը, երկարաշունչ բացատրությունները նպաստում են ինչին ցանկանաք, միայն թե ոչ սովորության ամրապնդմանը։ Ժամանակի ընթացքում հաջողության հասնելու ամենապարզ միջոցը մշտապես հիշեցնելն է, որ ինչ-որ բաներ պետք է անել ոչ թե այն պատճառով, որ ցանկանում ենք անել, այլ` որովհետև, այդպես է պետք։ 
Երբ լրացուցիչ բացատրությունների անհրաժեշտություն է ծագում, ասենք երեխաներին, որ և՝ մենք, և՝ մեր բարեկամները հետևում ենք մաքրասիրության այն նույն կանոններին,   որ  ցանկանում   ենք   ներարկել նաև իրենց։ 
Ավելի լավ է մաքրասիրություն սովորեցնել որքան հնարավոր է շուտ, ոչ թե 6,5 կամ 7 տարեկանում, երբ դա արդեն դժվար խնդիր է, այլ 3 կամ 3,5 տարեկանում։ Իհարկե, չի կարելի ակնկալել, որ այդ տարիքում երեխան անմիջապես կկատարի մեր բոլոր խորհուրդները։ Մաքրասիրության հմտությունների ձևավորումը պետք է սկսել աննկատ և առանց որևէ ճնշման։ Նախ փորձեք ներշնչել երեխային, որ պետք է մաքուր տեսք ունենալ, բայց արագ հաջողությունների հասնել մի ակնկալեք։ 
Համոզվելու համար, որ մենք հաջողության ենք հասել, անհրաժեշտ է հետախուզել, թե մեր բացակայությամբ երեխան իրեն ինչպես է պահում։ Եթե նա կանոնավոր լվացվում է, երբ մենք կողքին ենք, բայց խուսափում է այդպես վարվել, երբ բացակայում ենք, ուրեմն մեր պարտությունն անվիճելի է։ 
Ընդհակառկը, համոզվելով, որ երեխան անում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է, ընդ որում առանց հիշեցումների և գլխացավանք պատճառելու, կարող ենք ասել, որ հասել ենք մեր ցանկացած արդյունքին։ 
Ծնողներն ամենից ավելի դժվար են հասկանում, որ փնթի երեխան կարող է նույնպես երջանիկ և միանգամայն առողջ լինել։ Նա, ով թրջված, կեղտոտ ու գոռգոռացող փոքրիկին նայելիս ժպտում է, հասկանում է դա։ Երեխային մաքրասիրություն և կարգ ու կանոն սովորեցնելու համար ժամանակ է պահանջվում, ընդ որում շատ ավելի երկար ժամանակ, քան մենք սովորաբար տրամադրում ենք այդ գործին։