11:53 , 7 հունիս, 2026Այսօր երևում է, որ բոլորն են մարտական տրամադրված և շատ կարևոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք որոշել մեր երկրի ապագան, ոչ թե դրսից որոշեն: Այս մասին ասել է Սամվել Կարապետյանը:
«Շատ լավ տրամադրությամբ եմ գնում քվեարկության, մարտական տրամադրությամբ՝ ինչպես մեր հայ ժողովուրդը: Ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք նոր ցնցումների, ամեն մի ցնցում նորից հետ է գցելու մեր երկրի զարգացումը»,- նշեց նա:
Այնուամենայնիվ, Սամվել Կարապետյանը շեշտեց, որ այսօր որոշ հարցերին պատասխանելը վտանգավոր է. «Իրենք դա կարող է համարեն քարոզչություն և նորից մի 1000 մարդ ձերբակալեն»:
Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ իրեն պատասխանատվության ենթարկելու մասին հայտարարություններին, Կարապետյանն ասաց. «Ես ամեն օր եմ պատասխանատվության ենթարկվում, ես նույնիսկ հնարավորություն չեմ ունեցել գամ ընտրության, ինձ բերել են»:
Հարցին, թե ինչի՞ մասին է վկայում միջազգային լրատվամիջոցների առատությունը՝ Կարապետյանը պատասխանեց, որ դա Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն է:
«Հայաստանը աշխարհի համար դարձել է նորմալ սուբյեկտ և բոլորը ձգտում են ճիշտ պատկերացնեն ինչ է կատարվում Հայաստանում: Չգիտեմ, թե ում մասնակցությամբ է պայմանավորված»: