Ֆուտբոլային երկրպագուներին սթափեցնել է պետք


19:08 , 10 հոկտեմբեր, 2013

Հայաստան-Բուլղարիա բախտորոշ խաղը դեռ չկայացած, բայց արդեն հասցրեցինք հայտնվել սկանդալի կիզակետում, որը հավակնում է մի շարք խնդիրներ առաջացնել հավաքականի համար: ՖԱՖ-ի երկրպագուները որոշեցին «վրեժ» լուծել բուլղարացի երկրպագուներից և օդանավակայանում Բուլղարիայի ազգային հավաքականի և բուլղարացի երկրպագուներին դիմավորեցին այնպես, որ դա կարելի է որակել որպես խուլիգանություն: Արձագանքն իրեն սպասել չտվեց և Բուլղարիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան բողոք կներկայացնի ՈւԵՖԱ և ՖԻՖԱ՝ կապված հայ երկրպագուների վարքի հետ:

Պատմությունն իրականում ունի իր նախապատմությունը: Դեռ ամիսներ առաջ, երբ մեր հավաքականը ժամանել էր Բուլղարիա՝ առաջին խաղն անցկացնելու համար, սկզբում ամեն ինչ լավ էր, օդանավակայանում ոչ մի վանկարկումներ ու վիրավորանքն չկային, սակայն հենց խաղի ժամանակ՝ մարզադաշտում, բուլղարացի երկրպագուները նախ սկսեցին վիրավորական արտահայտություններ վանկարկել մեր հավաքականի ու երկրպագուների հասցեին, իսկ այնուհետև ավելի ագրեսիվ քայլերի դիմեցին՝ ընդհուպ մինչև տարբեր իրեր նետելը մեր երկրպագուների վրա ու խաղից հետո մարզադաշտից դուրս տեղի ունեցած բախումները: Այդ ժամանակ ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն ոչինչ չձեռնարկեցին: Գուցե ՀՖՖ-ն հետամուտ չեղավ, գուցե եղավ, բայց մերժեցին, բայց փաստը մնում է փաստ. ամոթալի այս միջադեպերի համար բուլղարական կողմը ոչ մի պատասխանատվություն չկրեց: 

Սակայն վերադառնանք մեր իրականությանը և առկա իրավիճակին: Այն ինչ կատարվեց երեկ, ցավալի էր և ամոթալի, որովհետև չնայած այն փաստին, որ կասկածից վեր էր, որ բուլղարացի երկրպագուները իրենց մարդավայել չէին պահել մեր նկատմամբ, բայց արժանապատվությունը անհնար է վերականգնել էլ ավելի անարժանապատիվ պատասխան քայլի դիմելով: Դա նույնն է, ինչ օրինականության համար էլ ավելի մեծ օրինազանցություններով պայքարես: Այլ կերպ ասած, պետք չէ, որ Հայաստանի երկրպագուները իրենց նմանեցնեն բուլղարացիներին, որովհետև դրանից բուլղարացիները եթե ոչինչ չշահեն էլ, ապա մենք հաստատ կորցնելու բան կունենանք:

Մյուս կողմից, պետք չէ մոռանալ, որ նման ոչ խոհեմ քայլերը կարող են ունենալ ավելի քան ռեալ ու թվային արտահայտում ունեցող հետևանքներ: Բանն այն է, որ եթե բուլղարական կողմն այնուամենայնիվ բողոք ուղղարկի ՈւԵՖԱ-ին ու ՖԻՖԱ-ին և այնտեղ որոշեն, որ բողոքը արդարացի է, ապա կհետևեն պատժիչ սանկցիաներ մեր հավաքականի ու ֆեդերացիայի նկատմամբ, որոնք կարող են արտահայտվել տնային մի քանի առաջիկա խաղերից զրկվելուց մինչև տասնյակ հազարավոր դոլարների հասնող տուգանք վճարելով, հնարավոր է նաև, որ երկուսն էլ միասին: Ընդ որում, այդ ժամանակ էլ ոչ ոքի չի հետաքրքրի, թե ի՞նչ էին անում բուլղարացի երկրպագուները Սոֆիայում, կամ ինչո՞ւ նրանց չպատժեցին:

Ըստ այդմ, առաջնում է հարց բոլոր այն երկրպագուներին, որ հիմա էլ կոչ են անում շարունակել «պատժել» բուլղարացիներին՝ մարզադաշտում ու ճնշել նրանց. պարոնայք, դուք գիտակցո՞ւմ եք, որ Ձեր այդ ոչ խոհեմ քայլերով կարող եք այնպիսի վնաս բերել մեր հավաքականին, որպիսին ոչ մի բուլղարացի երկրպագու չէր էլ երազել, գիտակցո՞ւմ եք, որ եթե բողոքեն ու բողոքը բավարարվի, ապա Ձեր պատճառով ՀՖՖ-ն պետք է կլորիկ գումար հատկացնի տուգանը մուծելու համար, երբ այդ գումարով կարելի էր շատ ավելի օգտակար բաներ անել նույն այդ հայկական ֆուտբոլի զարգացման համար:

Թերևս չեք մտածել այս ուղղությամբ, այլապես դժվար է պատկերացնել խոհեմ մարդու, ով այսքանը գիտակցելով, այնուամենայնիվ կգերադասի շարունակել խուլիգանական վարքը՝ հավատալով, որ այդ կերպ օգնում է հավաքականին: Սթափվե՛ք, հարգելի երկրպագուներ, մեր լավագույն «վրեժխնդրությունը» բուլղարացի երկրպագուներից կլինի մեր հավաքականի հաղթանակը, այս և առաջիկա խաղերում, այնպես որ, եթե չեք էլ կարող օգնել դրանում, ապա գոնե մի խանգարեք: