Սիրիայում մենաստանում փակված միանձնուհիներին և երեխաներին երկու անգամ օգնություն է փոխանցվել


17:14 , 10 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Երկու անգամ հաջողվել է հումանիտար օգնություն փոխանցել առանց սննդի և ջրի մնացած երեխաներին և միանձնուհիներին, որոնք թաքնվել են Սիրիայի Մաալուլա քաղաքի մենաստանում: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, այս մասին հայտարարել է Անտիոքի պատրիարքարանի ներկայացուցիչ, եպիսկոպոս Իսաակ Բարաքաթը:

Սեպտեմբերի վերջին հաղորդվել էր, որ շուրջ 40 միանձնուհիներ և երեխաներ փակված են Մաալուլա քաղաքի Սուրբ Թեքլա մենաստանում, որը շրջափակել են գրոհայինները:

«Նրանք չունեն էլեկտրականություն, ջուր, սնվելու ոչինչ չկա... Երկու անգամ մենք կարողացել ենք մենաստան ուղարկել օգնություն»,- ասել է եպիսկոպոսը լրագրողներին:

Նրա խոսքերով՝ մենաստանին անհրաժեշտ ապրանքներ փոխանցելը հաջողվել է սիրիական բանակի և պատրիարք Հովհաննես 10-րդի աջակցությամբ:

Եպիսկոպոսը նաև նշել է, որ անցած կիրակի գրոհայինները հարձակվել են Դամասկոսի Սուրբ խաչ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր հունա-կաթոլիկական տաճարի վրա: