Երաժշտական մեծեր


20:58 , 10 հոկտեմբեր, 2013

Լարա Ֆաբիան Լարա Ֆաբիանը ծնվել է բելգիացու և սիցիլուհու ընտանիքում: Նախքան Բելգիա տեղափոխվելը Լարան ապրել է Սիցիլիայում: 14 տարեկանից ապագա աստղը կիթառահար հոր հետ ելույթներ էր ունենում, և նրա ձայնը բավականին հանրաճանաչ է դառնում: Բավականին ծանրակշիռ այդ բեմական փորձը թույլ է տալիս, որպեսզի աղջիկը ուժերը փորձի երիտասարդ տաղանդներ բացահայտող Տրեմլեն մրցույթին, որը երկար տարիներ անցկացվում է Բելգիայում: Մասնակցությունն այս մրցույթին Լարային հաջողություն է բերում. նա ստանում է միանգամից երեք գլխավոր մրցանակ: 2 տարի անց Լարա Ֆաբիանը Croire երգով գրավում է 4-րդ տեղը Եվրատեսիլ մրցույթում:

Երգի ձայնասկավառակը վաճառվում է մոտ 600 հզ.օրինակով ամբողջ Եվրոպայում: Je sais սինգլը Կանադայում հանրայնացնելու ընթացքում Լարան սիրահարվում է այդ երկրին: 1991թ.-ից երգչուհին հաստատվում է Մոնրեալում: Կանադացիների սերը չի ուշանում, նրանք անմիջապես ընդունում են Լարա Ֆաբիանին: Նույն թվականին թողարկվում է նրա առաջին` Lara Fabian ալբոմը: Հաջողությունն իրեն սպասել չի տալիս. Le jour ou tu partiras ¨ Qui pense a l’amour երգերը ակնթարթորեն հանրահայտ են դառնում: Լարան հզոր ձայնի ու ռոմանտիկ երգացանկի շնորհիվ բազմաքանակ լսարան է նվաճում, նրան չափազանց ջերմ էին ընդունում յուրաքանչյուր համերգի ժամանակ: Արդյունքում 1991թ.-ին նրա թեկնածությունն առաջադրվում է Ֆելիքս մրցույթում: 1993-1994թթ. Լարա Ֆաբիանը մասնակցում է մի շարք փառատոների: 1993թ.-ի վերջը նշանավորվում է ոսկե ձայնասկավառակի ձեռքբերմամբ /50.000 օրինակ/ և հերթական անվանակարգի առաջադրմամբ Ֆելիքս մրցույթում: Ոսկե ձայնասկավառակստանալուց հետո Լարա Ֆաբյանի կոմերցիոն հաջողություններն ավելի ընդրկուն մեկնարկ են ստանում: Շուտով վաճառված ալբոմների քանակը գերազանցում է 100 հզ.-ը: Աշխատելով Սելին Դիոնի ոճով և նմանատիպ երգացանկով` Լարան Կանադայում հսկայական դահլիճներ էր լցնում, իսկ նրա հանրահայտությունն աճում էր օր առ օր: Դա էր վկայում նա¨ Sentiments Acoustiques համերգաշարը, որը նախատեսված էր իրականացնել 25 քաղաքում: Հարցման արդյունքում Լարա Ֆաբիանը ճանաչվում է որպես Տարվա ամենախոստումնալից երգչուհի, ինչը բավականին անսպասելի էր կանադական ծագում չունեցող երգչուհու համար: 1994թ.-ին Լարան թողարկում է իր երկրորդ` Carpe Diemձայնասկավառակը, որը ոսկե կարգավիճակ է ստանում արդեն 2 շաբաթ հետո: Իսկ մի քանի ամիս անց վաճառված սկավառակների քանակը գերազանցում է 300 հզ.-ը:

Gala de lևADISQ 95 հեղինակավոր մրցանակաբշխության ժամանակ Լարան պարգևատրվում է Տարվա լավագույն երգչուհի և Լավագույն համերգ մրցանակներով: Դրան զուգահեռ նա մրցանակ է ստանում Տորոնտոյում կազմակերպված Juno մրցանակաբաշխությունում, որը նախորդի անգլալեզու տարբերակն է: Իր երրորդ` Pure /Անարատ/ ալբոմի թողարկմամբ 1996թ.-ի հոկտեմբերին Լարա Ֆաբիանը դառնում է առաջին մեծության աստղ: Ինչպես նախորդ երկուսի դեպքում, այս ալբոմի պրոդյուսերությամբ ևս զբաղվել էր Ռիք Էլիսոնը, բայց Pure–ը յուրահատուկ էր նրանով, որ ի տարբերություն նախորդների, այստեղ ներառված երգերի մեծ մասը գրել էր հենց ինքը` Լարա Ֆաբիանը: Նա աշխատում է նաև ճանաչված հեղինակներ Դանիել Սեֆֆի /(Ici)/ և Դանիել Լավուայի (Urgent desir) հետ: Նույն 1996թ.-ին Ուոլթ Դիսնեյը առաջարկում է Լարա Ֆաբիանին հնչյունավորել Էսմերալդայի դերը Le Bossu de Notre Dame /Կուզիկը Աստվածամոր տաճարից/ մուլտիպլիկացիոն ֆիլմում: Գտնվելով հանրահայտության հզոր ալիքի վրա` Լարան որոշում է վերջնականապես ներգրավվել Կանադայի մշակութային կյանքում և հունիսի 1-ին` Կանադայի օրը երիտասարդ բելգուհին ստանում է կանադական քաղաքացիություն: 1997-ը Լարայի համար եվրոպական տարի էր, քանի որ Pure ալբոմը ցնցող հաջողություն է ունենում հին մայրցամաքում: Այն թողարկվում է հունիսի 19-ին, իսկ ալբոմի առաջին սինգլը վաճառվում է մոտ 1.500.000 օրինակով:

1998թ.-ին Լարա Ֆաբիանն իրագործում է համերգաշար Ֆրանսիայում, որն ավարտվում է փարիզյան Օլիմպիա-ում: Resros du coeur-ի կողմից կազմակերպված Les Enfoires համերգին մասնակցությունից հետո Լարայի և Notre-Dame de Paris մյուզիքլից հայտնի Պատրիկ Ֆեորիի /ի դեպ, հայկական ծագումով/ միջև գեղեցիկ սիրավեպ է սկսվում: Ամառվա ընթացքում Լարա Ֆաբիանը շարունակում է աշխատանքները իր առաջին անգլալեզու ալբոմի վրա, որը Եվրոպայում ու Կանադայում թողարկվում է 1999թ.-ին: Եվրոպական համերգաշարը 24 քաղաքներում կրկին հաստատում է Լարայի աստղային կարգավիճակը: Լարա Ֆաբյանի Adagio ձայնասկավառակը ձայնագրվել է ԱՄՆ-ում, Լոնդոնում և Մոնրեալում: Երկու տարի տևած աշխատանքներում ներգրավված են եղել ԱՄՆ-ի լավագույն պրոդյուսերները: Հայտնի անուններից կարելի է նշել նույն Ռիք Էլիսոնին, ինչպես նաև Ուոլթեր Աֆանասևին /Բարբարա Սթրեյզանդ/, Պատրիկ Լեոնարդին /Մադոննա/ և Բրայան Ռոլինգին /Շերլին Սարգսյան/: Այս սկավառակով Լարա Ֆաբիանը փորձում էր նվաճել համաշխարհային, մասնավորապես` ամերիկյան երաժշտական շուկան: 2000թ.-ին Լարա Ֆաբիանը ֆրանսիական հեռուստաէկրանների մշտական հերոսուհին էր. նա ակտիվորեն մասնակցում է տարբեր հեռուստահաղորդումների: Երգչուհու ալբոմը վաճառվում է 5 մլն. օրինակով մի քանի ամսում: I Will Love Again սինգլը զբաղեցնում է Billboard Club Play Chart հիթ-շքերթի առաջին տեղը: 2000թ.-ի մայիսի 30-ին Adagio ալբոմը լույս է տեսնում ԱՄՆ-ում: Արդյունքները դրական էին, սակայն Լարան չի կարողանում ամերիկյան հանդիսատեսին ստիպել մոռանալ Սելին Դիոնին: Գովազդային արշավի և ամերիկյան հանրահայտ հեռուստահաղորդումներում մասնակցության շնորհիվ (Tonight Show with Jay Leno) երգչուհին կարողանում է բարձրանալ մինչև Billboard-Heatseeker հիթ-շքերթի 6-րդ տեղը: 2000-ի օգոստոսին Լարան սկսկում է իր լայնածավալ համերգաշարը` կազմված 24 համերգներից, Ֆրանսիայում, Բելգիայում և Շվեյցարիայում: Նոյեմբերի 5-ին ստանում է հերթական Ֆելիքս մրցանակը որպես Կանադացի լավագույն անգլալեզու երգչուհի: Այդ նույն տարում, ցավոք, Լարա Ֆաբիանի և Պատրիկ Ֆեորիի սիրային կապը խզվում է: 2001թ.-ին Լարան մասնակցում է Les Enfoires ամենամյա բարեգործական համերգին: Արդեն պարզ է դառնում, որ ամերիկյան շուկայում երգչուհին ֆիասկո է ապրում: Ամերիկյան շուկայում տեղ չկար միաժամանակ երկու ֆրանսալեզու փոփ-աստղերի համար. Սելին Դիոնն առաջվա նման թագուհի էր: Մարտի 2-ին Լարա Ֆաբյանը երգում է I Will Love Again-ը Miss U.S.A. մրցույթում, բայց դա առանձնապես եղանակ չի փոխում: 2001թ.-ը դառնում է նոր փուլ ամերիկյան շուկան նվաճելու համար: Լարա Ֆաբյանը ձայնագրում է For Always սաունդթրեքը Սթիվեն Սփիլբերգի AI ֆիլմի համար: Adagio ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվում է 2մլն. օրինակով: Այն մեծ տարածում գտավ նաև Հայաստանում: Կարելի է ասել, որ Լարա Ֆաբյան երգչուհուն Հայաստանում ճանաչեցին հենց համանուն ալբոմի այդ երգով, որը Ալբինիոնիի Ադաջիո-ի ժամանակակից մեկնաբանությունն էր անգլերեն և իտալերեն տեքստերով: Երգը մինչև այսօր էլ սիրված է և չի կորցրել իր նուրբ ազդեցության ուժը: Դրանում համոզված կլինեն հատկապես նրանք, ովքեր 2011թ.-ի մարտի 18-ին ներկա գտնվեցին Լարա Ֆաբիանի Երևանյան համերգին Մարզահամերգային համալիրում: Adagio ալբոմից հետո Լարա Ֆաբյանը համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի էր: Նա ակտիվորեն աշխատում է, համերգներ տալիս, ձայնագրում սաունդթրեքեր ֆիլմերի համար… 2001-ին թողարկվում է հերթական Nue /Գիշեր/ ալբոմը, որի տեքստերը գրվում են ֆրանսերեն: Երգչուհին ցանկանում էր վերանվաճել ֆրանսալեզու հանդիսատեսին: Հաջողության բաղադրատոմսը նույն դասականն էր` հզոր ձայն, պարզ և ազդեցիկ մեղեդիներ, ճաշակով գործիքավորում: Նույն թվականին Լարան երգ է ձայնագրում բրազիլական TV Globo ընկերության սերիալներից մեկի համար, որը դիտում էին Պորտուգալիայում, ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայում: Nue համերգաշարն իրականացնելուց հետո երգչուհին թողարկում է Lara Fabian Live CD-ն և DVD-ն: 2002-2003թթ. Լարա Ֆաբիանը ակտիվորեն շրջագայում է աշխարհի խոշոր մայրաքաղաքներում` երգելով թե իր երգերը, թե ուրիշ կատարողների գործերը նոր մեկնաբանությամբ / Mistral Gagnant, Caruso և այլն/: Ալբոմի ուշագրավ հատվածներից մեկը Լարա Ֆաբիանի ելույթն էր ամուսնու` Ժան-Ֆելիքս Լալանի հետ: 2004թ.-ին Լարա Ֆաբիանը համերգներ է ունենում Մոսկվայում, Բեյրութում և Թաիթիում: Մայիսին թողարկում է իր երկրորդ անգլալեզու ալբոմը` A Wonderful Life-ը No Big Deal սինգլով: 2005թ.-ին թողարկվում է 9 ալբոմը, որի շապիկին երգչուհին պատկերված էր սաղմի տեսքով:

Եվ իսկապես շատ առումներով այս փուլը Լարա Ֆաբիանի համար նոր սկիզբ էր` ուղեկցվող մի շարք փոփոխություններով. նա հեռանում է Կանադայից և նորից բնակություն հաստատում Բելգիայում, փոխում է իր թիմը, հրավիրում է Ժան-Ֆելիքս Լալանին ալբոմի աշխատանքներին մասնակցելու համար: Ձայնասկավառակի տեքստերը, որ գրել էր Լարա Ֆաբիանը, սիրո ու գտնված երջանկության մասին էին: Նրա երգելու ոճն այստեղ ավելի նուրբ էր, կարծես թե Լարա Ֆաբյանի կյանքը, իսկապես, նոր լուսավոր հուն էր մտել: Ավելի ուշ` 2009 թ.-ին Լարա Ֆաբիանը թողարկել է Toutes les femmes en moi /Յուրաքանչյուր կին` իմ մեջ/ 6-րդ ֆրանսալեզու ալբոմը և Every Woman In Me-ն /Յուրաքանչյուր կին` իմ մեջ/ անգլերեն տարբերակով: Այն թողարկվել է 2009թ.-ի դեկտեմբերի 7-ին: Լարա Ֆաբիանի Je t’aime , Adagio, Leila, La Difference , Vrasame, Broken vow, You’re Not From Here, Love by grace երգերը սիրում ու հաճույքով լսում են ճաշակով երաժշտության բոլոր սիրահարները: Լարան ունի բացառիկ զուլալ, անթերի մշակված և մինչև հոգու խորքը ներթափանցող ձայն: Նա իսկապես բարձր պրոֆեսիոնալ է և չափազանց խստապահանջ է մոտենում թե երգերի ընտրությանը, թե տեքստերին ու գործիքավորմանը: Նրա ցանկացած կենդանի ելույթ տարբերվում է բարձր կատարողականությամբ: Այս դեպքում իսկապես կարող ենք ասել, որ Աստծո մատը խառն է:

Լարա Ֆաբիանը բնատուր տաղանդ է, կայացած երգչուհի, հաճելի կին և խելացի անձնավորություն: Հուսանք` դեռ երկար կվայելենք Լարա Ֆաբիանի բեղմնավոր գործունեությունը և կլսենք նոր հիթեր բոլոր ժամանակների համար: Լարա Ֆաբիանի թողարկած ալբոմները 1991 Lara Fabian – 1-ին ֆրանսալեզու ստուդիական ալբոմը: 1994 Carpe diem - 2-րդ ֆրանսալեզու ստուդիական ալբոմը: 1996 Pure - 3-րդ ֆրանսալեզու ստուդիական ալբոմը: 1999 Lara Fabian /Adagio/ - 1-ին անգլալեզու ստուդիական ալբոմը: 2001 Nue - 4-րդ ֆրանսալեզու ստուդիական ալբոմը: 2004 A Wonderful Life - 2-րդ անգլալեզու ստուդիական ալբոմը: 2005 9 - 5-րդ ֆրանսալեզու ստուդիական ալբոմը: 2009 Toutes les femmes en moi - 6-րդ ֆրանսալեզու ստուդիական ալբոմը: 2009 Every woman in me - Վերջին ձայնասկավառակն է` նոր երգերով: Լարա Ֆաբիանը թողարկել է նաև 4 համերգային ձայնասկավառակ /1999, 2002, 2003, 2006/, 1 հավաքածու` Best of Lara Fabian /2010 նոյեմբեր/, բազմաթիվ սինգլներ: Հ.Գ. Սիրելի երաժշտասեր ունկնդիրներ, մեկնաբանություններում կարող եք նշել, թե հատկապես որ կատարողների մասին կուզենայիք կարդալ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾԵՐ խորագրում: