17:12 , 29 մայիս, 2026Armenpress.am-ը գրում է.
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում դաշինքի նախընտրական ցուցակի երրորդ համար Գոհար Մելոյանը մտացածին է որակել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող ձայնագրությունները՝ դաշինքի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքերի բացահայտումների մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մելոյանն այդ մասին ասել է մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Մելոյանը հայտարարել է, որ իրենց ուժը որևէ մեկին ընտրակաշառք տալու կարիք չունի, ինչի մասին են վկայում դաշինքի մարդաշատ հանրահավաքները։
«Ձայնագրությունների հետքերով դիմել ենք միջազգային գործընկերներին։ Սա խայտառակ միջամտություն է մեր քաղաքական ուժի նկատմամբ և ակնհայտ կերպով թիրախավորում է մեզ։ Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունները մտացածին են և մեր քաղաքական ուժի հանրային ընկալումը որոշակիորեն հեղինակազրկելու նպատակ ունեն»,-հավելել է Մելոյանը։
Նա ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ Կիպրոսի և Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացի մանրամասներին՝ նշելով, որ այդ գործընթացը շարունակվում է։
Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի նման հեղինակություն ունեցող մարդու համար տարբեր երկրների քաղաքացիություն ունենալը նորմալ երևույթ է։
«Շատ երկրներում նման հեղինակություն ունեցող մարդկանց նաև շնորհվում է տվյալ երկրի քաղաքացիություն, իսկ դրանից հրաժարվելը խրթին գործընթաց է»,-ասաց նա։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի իրենց թեկնածուն Սամվել Կարապետյանն է՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ էլ պատգամավորի թեկնածու, քանի որ բացի Հայաստանի քաղաքացիությունից, ունի նաև Կիպրոսի և Ռուսաստանի քաղաքացիություն։ Սամվել Կարապետյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց է սկսել, իսկ դաշինքի ներկայացուցիչները նշում են, որ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում մեծամասնություն ունենալու դեպքում կնախաձեռնեն ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածի փոփոխությունը, որը սահմանում է, որ պատգամավորի կամ վարչապետի թեկնածու կարող է լինել միայն վերջին 4 տարում բացառապես Հայաստանի քաղաքացիություն ունեցող և Հայաստանում մշտական բնակություն ունեցող անձը։ Դրանից հետո, ըստ դաշինքի ներկայացուցիչների, ոչ մի խոչընդոտ չի լինի, որ Սամվել Կարապետյանը դառնա Հայաստանի վարչապետ։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանն այս պահին տնային կալանքի տակ է։ Նա անցնում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու և փողերի լվացման քրեական գործերով։ Կարապետյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Փոփոխություն»։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1251515