15:28 , 10 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ուկրաինան կարող է առաջիկա մի քանի տարիների ընթացքում լիովին հրաժարվել ռուսական գազի գնումից, եթե «Նավթոգազի» և «Գազպրոմի» միջև գործող պայմանագիրը չվերանայվի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը՝ փոխանցում է RIA Novօsti-ն:
Ազարովի խոսքով՝ Կիևը պատրաստ է դատարանի միջոցով ապացուցել գործող գազային պայմանագրի անհեթեթությունը, եթե «Գազպրոմն» Ուկրաինային դատի տա դրա չկատարման համար: Նա նշել է, որ պայմանագիրը կազմվել է այնպես, որ Ուկրաինան չի կարող դրանից դուրս գալ միակողմանիորեն:
Ուկրաինայի վարչապետը հավելել է, որ ռուսական վառելիքի ընթացիկ սակագնով Կիևը կրճատում է և կկրճատի ներկրման ծավալը, իսկ հեռանկարում ընդհանրապես գազ չի գնի Ռուսաստանից: Ազարովն ընդգծել է, որ նման հանձնարարությունը կարող է իրագործվել երկրի ներսում գազի սպառման նվազման, վառելիքի այլընտրանքային աղբյուրի անցման, ինչպես նաև սեփական արդյունահանման ընդլայնման դեպքում:
Ազարովը հայտարարությունն արել է երկու օր անց այն բանից, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է «Գազպրոմի» կողմից Ուկրաինային զեղչեր տրամադրելու մասին: Պուտինի խոսքով՝ «Գազպրոմը» Կիևին 1000 խորանարդ մետրը 260 դոլարով գազ է վաճառել ստորգետնյա պահեստները լցնելու համար: Համեմատության համար նշենք, որ չորրորդ եռամսյակում ռուսական վառելիքի մատակարարումների արժեքը, Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ կազմում է 410 դոլար: