Սաակաշվիլին շքանշանով է պարգևատրել Պուտինի նախկին խորհրդականին


15:15 , 10 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բարձրագույն պետական պարգևով՝ Սուրբ Գեորգիայի անվան հաղթանակի շքանշանով է պարգևատրել Ռուսաստանի նախագահի տնտեսական հարցերով նախկին խորհրդական (2000-2005) Անդրեյ Իլարիոնովին: Այս մասին հայտնում է Novosti Gruziya-ն:

Հանրապետության ղեկավարի խոսքով՝ նա մեծ նեդրում է ունեցել 2008-ի ռուս-վրացական պատերազմի հիմքերի ուսումնասիրման հարցում: Խոսքը հետազոտությունների մասին է, որոնցում նա օգոստոսյան պատերազմն անվանել է, մասնավորապես, ռուսական հատուկ ծառայությունների փայլուն սադրանք:

Իր հերթին Իլարիոնովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին և նշել, որ հաղթանակի շքանշանը տրվում է ոչ միայն իրեն, այլև ողջ ռուս ժողովրդին, որը եղել և մնում է վրացիների բարեկամը: Քաղաքական գործիչը նաև նշել է ներկայիս վրացական ղեկավարության հաջողությունները: 

«Դժվար էր պատկերացնել, որ Ռուսաստանում կհետևեն Վրաստանի՝ որպես օրինակելի երկրի բարեփոխումներին: Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է այդքան շատ բան անել սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրում: Կարող է ամբողջովին չհասկանաք, թե որքան ուժեղ և օրինակելի եք դարձել հետխորհրդային տարածքի համար»,- հավելել է նա:

Պուտինի նախկին խորհրդականի և Սաակաշվիլիի բարեկամության մասին հայտնի էր վաղուց, նույնիսկ շշուկներ էին պտտվում, որ ռուս քաղաքական գործիչը կարող է դառնալ Սաակաշվիլիի խորհրդականը:

Այս տարվա սեպտեմբերին Իլարիոնովն ուղեկցել էր հանրապետության նախագահին Կազբեկ լեռը բարձրանալիս: