Մոսկվան Երևանից պաշտոնական ծանուցում է ստացել, որ Հայաստանի վարչապետը չի մասնակցի ԵԱՏՄ ղեկավարների առաջիկա հանդիպմանը


15:56 , 21 մայիս, 2026

Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական ծանուցում է ստացել այն մասին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության ղեկավարների գագաթնաժողովին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հայկական կողմից պաշտոնական ծանուցում ենք ստացել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել ԵԱՏՄ ղեկավարների առաջիկա հանդիպմանը։ Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը», - ասել է Զախարովան՝ հավելելով, որ նման իրավիճակներ, երբ Միության անդամ երկրների ներկայացուցիչները չեն մասնակցել ԵԱՏՄ մարմինների աշխատանքներին, նախկինում էլ են եղել։

Զախարովան հերթական անգամ խոսել է Եվրամիությանը մոտենալու Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ շեշտելով, որ իրենք բազմաթիվ անգամներ ասել են, որ անհնար է միաժամանակ անդամակցել և ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ ինքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հայտնել է, որ չի կարողանալու մասնակցել մայիսի 28-ին Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ նիստին՝ Հայաստանում նախընտրական քարոզարշավի պատճառով։