20:14 , 20 մայիս, 2026
ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որը պարտավորեցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ցանկացած ռազմական գործողություն համաձայնեցնել Կոնգրեսի հետ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նախնական քվեարկության ժամանակ «կողմ» է քվեարկել 50 սենատոր (հիմնականում՝ դեմոկրատներ և 4 հանրապետական), դեմ՝ 47-ը (հիմնականում՝ հանրապետականներ և 1 դեմոկրատ): Հանրապետական կուսակցությունից երեք սենատոր չի մասնակցել քվեարկությանը:
Նախաձեռնության հեղինակները պնդում են, որ ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ ամերիկյան զորքերը պատերազմ ուղարկելու իրավունքը պատկանում է Կոնգրեսին, այլ ոչ նախագահին: Եթե փաստաթուղթն ընդունվի հիմնական քվեարկությամբ, Իրանի դեմ պատերազմը շարունակելու համար Թրամփից կպահանջվի Կոնգրեսի թույլտվությունը: