19:52 , 9 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սաուդյան Արաբիան դժգոհ է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումներից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Էր-Ռիադի բարձրաստիճան պաշտոնյաներին:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ դրա առաջին ազդանշանն այն է, որ թագավորության արտգործնախարար, արքայազն Սաուդ Ալ-Ֆեյսալ Ալ-Սաուդը հրաժարվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթից:
Իրանի շիաների և Սաուդյան Արաբիայի սուննիների միջև պատմական թշնամանքի ֆոնին ԱՄՆ-ը ստիպված է ընտրություն կատարել վաղեմի դաշնակցի ու աշխարհի խոշորագույն նավթային էկոնոմիայի և վաղեմի թշնամու կողմից միջուկային զենքի մշակումը դադարեցնելու մասին խոստումների միջև:
Բացի այդ, սաուդացիները մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ենթադրվող գործարքը հավանական կդարձնի իրանական դիրքերի մեծացումն առանձին երկրներում, օրինակ՝ Սիրիայում և Իրաքում:
Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն ընդգծված կերպով տարբեր դիրքորոշումներ ունեն եգիպտական հարցի շուրջ. Ամերիկացիները խոստանում են սառեցնել ռազմական օգնությունը, իսկ Սաուդյան Արաբիան Մուրսիի կողմնակիցներին մեղադրում է ահաբեկչության մեջ և խոստանում ռազմական օգնություն:
Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների խարխլման վրա ազդեցություն թողեց նաև Սիրիային չհարվածելու մասին Բարաք Օբամայի որոշումը: