17:35 , 27 ապրիլ, 2026
ՔՊ-ական ցուցակում ընդգրկված «Նավակ Ճոճողը», որը իշխանական խմբակցությունից արտաքսվել էր իր անպատշաճ վարքի ու հայհոյախոսության պատճառով, լրագրողների հետ զրույցում արձագանքելով նկատառմանը, որ քաղաքացիներից շատերը բողոքում են մսի թանկությունից, որի պատճառով գրեթե միս չեն ուտում, հայտարարել է՝ ուրեմն պետք է ավելի լավ աշխատեն, որ կարողանան մի քանի անգամ միս գնել: Նա միաժամանակ կասկածել է, թե միսն այնքան թանկ է, որ քաղաքացիները չեն կարողանում մեկ-երկու անգամից շատ այն գնել: «Բայց կարան լինեն դեպքեր, որ իրոք մարդկանց գումարը… մեկ-երկու դեպք լինի, որ չհերիքի»,-մասնավորապես՝ հայտարարել է Գաբրիելյան Վիլենը:
Երկու բան է անմիջապես աչքի զառնում այս հայտարարությունում՝ ընդգծված պոֆիգիզմն ու քաղաքական պատասխանատվությունից խուսափումը. գների թանկացման հետ իշխանություններն ի՞նչ կապ ունեն, ՔՊ-ն ի՞նչ կապ ունի այն մարդկանց խմբի հետ, որոնք չեն կարողանում իրենց թույլ տալ մի կտոր միս գնել, եթե երկիրը «ծաղկում է», եթե պարգևավճարներն աճում են, եթե ՔՊ-ականների գործերը շատ լավ են:
«Նավակ Ճոճողն» իր այս հայտարարությամբ բացահայտում է իշխող քաղաքական էլիտայի և սովորական քաղաքացու միջև գոյացած ահռելի, անհաղթահարելի անդունդը մի դեպքում, երբ 2018-ին Նիկոլը խոստանում էր կառուցել այնպիսի հրակայուն կամուրջներ, որոնց շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի ինքն իրեն վարչապետ էր զգալու, երկրի տեր: Նույնիսկ աշխարհի գերզարգացած երկրների քաղաքական էլիտաները չեն կարող իրենց նման շռայլություն թույլ տալ ու այսօրինակ ցինիկ հայտարարությամբ հանդես գալ, մինչդեռ Վիլենը, փաստորեն, համարձակվում է ազատորեն ինքնարտահայտվել:
Կարողանում է, քանի որ թքած ունեն հասարակական կարծիքի վրա. տերերը երաշխավորել են, որ վերարտադրվելու են՝ անկախ մսեղենի գներից: