Եթե պետության հույսը պաղպաղակի վաճառքից ստացվող ՀԴՄ-ն է, ապա դա նշանակում է, որ իրավիճակն իսկապես ողբերգական է
14:05 , 23 ապրիլ, 2026
Արագածավան բնակավայրի նորակառույց կրթահամալիրում ունեցած իր ելույթում Նիկոլը երեխաներին կոչ է արել պաղպաղակ գնելիս անպայման պահանջել ՀԴՄ կտրոնը՝ փորձելով բացատրել, թե որտեղից են գոյանում այն միջոցները, որոնցով կառուցվում են կրթօջախներ կամ այլ հաստատություններ: Ըստ Նիկոլի՝ 100 դրամանոց պաղպաղակի վաճառքից գոյացած գումարի 20%-ը ՀԴՄ-ի շնորհիվ գնում է բյուջե, և բազմաթիվ այլ 20 դրամների կուտակմամբ է, որ գոյանում է 1,5 մլրդ դրամը:
Նիկոլը հերթական անգամ ֆետիշացրել է ՀԴՄ-ի նշանակությունը՝ փորձելով թերևս թողնել դրական տպավորություն: Մինդեռ եթե պետության հույսը պաղպաղակի վաճառքից ստացվող ՀԴՄ-ն է, ապա դա նշանակում է, որ իրավիճակն իսկապես ողբերգական է. պետությունը չի կարողացել գեներացնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կօգնեին զրոյացնել երեխայի կողմից չպահանջված ՀԴՄ-ի հնարավոր բացասական հետևանքը: Ի դեպ՝ պետք է նկատենք նաև, որ Նիկոլն էականորեն գերագնահատել է պաղպաղակի նշանակությունը, քանի որ դրա վաճառքի հաշվին բյուջեում հավելյալ 1,5 մլրդ դրամ գոյացնելու համար պետք էր լինելու 75 մլն հատ պաղպաղակ ուտել, ինչը 3 մլն-ից էլ պակաս բնակչություն ունեցող երկրի պարագայում ուղղակի ծիծաղ է հարուցում:
Նիկոլը չի ասել կարևորը՝ ոչ այնքան էական է այն, թե որքան հարկ է տարեկան երկրում հավաքվում, որքան այն, թե ինչպես է գոյացող միջոցը ծախսվում: Եթե նույնիսկ Հայաստանում տարեկան ասենք մի միլիարդ պաղպաղակ էլ վաճառվի, դա էլի պրակտիկորեն ոչինչ չի փոխի, եթե նույն Ավինյան Տիկոյի կամ Նիկոլի ենթականերն անիմաստ տեղը գոյացող միջոցների մի ահռելի մասը փոշիացնեն՝ պարգևավճարները դնելով սեփական գրպանը:
Այնպես որ՝ պետք չէ 75մլն հատ պաղպաղակ ուտել, այլ պետք է առկա միջոցները խելամտորեն տնտեսել ու տնօրինել, որպեսզի երկրի առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելն անիրական չլինի: