00:27 , 18 ապրիլ, 2026
Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, երջանկահիշատակ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է 2014 թվականին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության հրում վարժության ու երկամարտի բրոնզե մեդալներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
2019 թվականին EWF-ի կողմից որակազրկման պատճառով Աղասի Աղասյանի հետ նույն` 85 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկները զրկվել էին մեդալներից:
Մեդալի հանձնման արարողությունը կայացել է Վրաստանի Բաթում քաղաքում կայացած Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսի շրջանակներում:
Աղասյանի մեդալն ստացել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան այն առաջիկա օրերին կփոխանցի Աղասյան ընտանիքին:
Հիշեցնենք, որ Աղասյանը մահացել էր 2019թ․՝ ավտովթարի հետևանքով։ Աղասի Աղասյանը ՀՀ բազմակի չեմպիոն է, Համաշխարհային ուսանողական խաղերի Հայաստանի, Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն: Կարիերան ավարտել էր 2017թ. ՀՀ առաջնությանը մասնակցելուց հետո: