12:25 , 9 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Բուլղարիայի ազգային հավաքականը մեր խմբի ամենաբարդ մրցակիցն է, որին երբևէ հանդիպել է Հայաստանի թիմը: Առայժմ դրա մասին խոսում է միայն վիճակագրությունը:
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: Դեպքերի լավագույն ընթացքի դեպքում մեր թիմը հնարավորություն կստանա պայքարել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Հայաստանի հավաքականի տղաների առջև դրված նվազագույն խնդիրը առաջիկա երկու խաղերում հաղթանակ տանելն է: Մնացյալն արդեն մեր ձեռքերում չի լինի: Պետք է հավատալ սեփական ուժերին ու մրցակիցների ձախողմանը:
ԲՈՒԼՂԱՐԻԱ
Հայտնվելով ընտրական 2-րդ խմբում` Բուլղարիայի ազգային հավաքականը Մունդիալի ուղեգիր նվաճելու առանձնակի մեծ հույսեր չէր կապում: Մանավանդ, որ թիմում ընթանում է սերնդափոխության գործընթաց: Խրիստո Ստոյիչկովից հետո երկրի ֆուտբոլային հաջորդ սերունդը մեծ հաջողությունների չհասավ: Դիմիտար Բերբատովի, Մարտին Պետրովի, Ստիլիան Պետրովի ու մնացածների առավելագույն արդյունքը Եվրո 2004-ն էր, որտեղ բոլոր 3 խաղերում էլ գրանցվել է պարտություն: Մնացյալ բոլոր ընտրական մրցաշարերում Բուլղարիայի թիմը զբաղեցրել է առավելագույնը 3-րդ հորիզոնականը: Հուսանք` ավանդույթը կշարունակվի: Մեր մրցակիցը Երևան է ժամանել հետևյալ կազմով:
Դարպասապահներ
Նիկոլայ Միխայլով
Վլադիսլավ Ստոյանով
Իվան Չվորովիչ
Պաշտպաններ
Իվան Իվանով
Պավել Վիդանով
Պետր Զանև
Յորդան Մինև
Վեսելին Մինև
Նիկոլայ Բոդուրով
Յորդան Խրիստով
Ալեքսանդր Ալեքսանդրով
Իլիյա Միլանով
Ռադոսլավ Դիմիտրով
Կիսապաշտպաններ և հարձակվողներ
Գեորգի Միլանով
Ստանիսլավ Մանոլև
Ալեքսանդր Տոնև
Իվելին Պոպով
Սպաս Դելև
Դիմիտար Ռանգելով
Մարկինյոս
Սիմեոն Սլավչև
Խրիստո Զլատինսկի
Սվետոսլավ Դյակով
Վլադիմիր Գաջև
Էմիլ Գրիգորով
Վենցիսլավ Խրիստով
Թիմի լավագույն ռմբարկուներ Գեորգի Միլանովն ու Ստանիսլավ Մանոլևը, որոնք խփել են 3-ական գոլ, կազմ ու պատրաստ են մեր թիմի դեմ խաղին:
ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Արդեն որևէ թիմի համար գաղտնիք չէ Հայաստանի հավաքականի խաղաոճը: Վարդան Մինասյանի հակագրոհային տակտիկան աշխատել է նախորդ` Եվրո 2012-ի ընտրական փուլում: Սակայն այս ընտրական մրցաշարում մերոնց հակագրոհային սուր ֆուտբոլը գործնականում հաջողություն է բերել միայն Բուլղարիայի հետ արտագնա դիմակայությունում: Իտալիայի հետ Երևանյան հանդիպումը ևս այդ առումով կարելի է հաջողություն համարել, չնայած կրած պարտությանը: Իսկ օրինակ Չեխիայի և Մալթայի թիմերի հետ այդ տակտիկան չի անցել: Մրցակիցն ի սկզբանե խաղի ղեկը հանձնում էին մեզ, իսկ Մխիթարյանն ու ընկերները չէին սպասում դեպքերի զարգացումների, այստեղից էլ գորհների ստեղծման ընթացքում գոյացած անթիվ, անհամար սխալներն ու խցանումները: Բուլղարացիները խաղում են վառ արտահայտված 4 պաշտպանով և 2 հենակետային կիսապաշտպաններով: Հարձակվողների ու եզրային կիսապաշտպանների ընտրությունը կախված է խաղի նշանակությունից:
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Բուլղարացիներն, ըստ վիճակագրության, հաղթում են երկու խաղը մեկ անգամ: Իրենց վերջին խաղում մեր մրցակիցը հյուրընկալվելիս հաղթել է Մալթային 2-1 հաշվով: Այսինքն` մերոնց պետք է պարտվեն: Նրանք ակտիվ են հատապես հանդիպման խաղակեսերի առաջին 15 րոպեների ընթացքում: Իրենց խփած բոլոր գոլերից 7-ը գրանցվել են հենց այդ ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ թույլ են հանդես եկել առաջին կեսի վերջնամասում` 31-րդ րոպեիցը 44-րդ րոպեն ընկած հատվածում բաց թողնելով 4 գնդակ: Լյուբոսլավ Պենևի սաների համար կարևոր է առաջինը հաջողության հասնել և Վարդան Մինասյանի դիտարկումը, առ այն, որ կհաղթի առաջինը հաջողության հասած թիմը, լրիվ իրական է: Բուլղարացիներն անցկացրած 8 խաղերից 6-ում չեն պարտվել, քանի որ առաջինն են գոլ խփել: Հայաստանի հավաքականի տղաները պետք է նաև ուշադիր լինեն 76-89-րդ րոպեների միջակայքում: Հենց այդ ժամանակահատվածում է Բուլղարիայի հավաքականի նյարդային համակարգը կաթվածահար լինում: 5 դեղին քարտը խոսուն ցուցանիշ է: