18:34 , 11 ապրիլ, 2026
Նկատառմանն ի պատասխան, որ Հայաստանն արել է ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանից հեռացնի ՌԴ-ին, ՔՊ-ական «Լամա Ռուբոն» հայտարարել է, թե դա ճիշտ չէ. ՌԴ-ն ինքն է հեռացել Հարավային Կովկասից, իսկ դրա առհավատչյան Արցախում բոլորի աչքի առաջ տեղի ունեցածն է: Բացի այդ, ըստ Ռուբինյան Ռուբոյի, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա եղել է հարձակում, ՌԴ-ն պատշաճորեն չի արձագանքել:
Ռուբոն փորձել է տեղի ունեցողի մեղքը գցել ռուսական կողմի վրա, որպեսզի քողարկի իրենց քաղաքական պատասխանատվությունը:
Այն, որ ՌԴ-ի աշխարհաքաղաքական դիրքերը մեր տարածաշրջանում օբյեկտվորեն թուլացել են, պարզից էլ պարզ է, բայց այստեղ հարցն այլ է՝ ո՞վ է էապես դրան նպաստել: Կա՞ նորմալ դատել կարողացող մեկը, ով կպնդի, թե Պրահայում Արցախը որպես Ադրբեջան ճանաչելը, ինչին գնաց Նիկոլը, վճռորոշ հարված չէր՝ Կովկասում Մոսկվայի դիրքերին: Արևմուտքի պատվերով Նիկոլը ՌԴ-ին գցեց ծուղակը՝ փաստացի զրկելով նրան Արցախը վերահսկելու օրինական իրավունքից: Սա՝մեկ, երկրորդ՝ մի կարևոր հարված էլ ՌԴ-ն ստացավ, երբ ծնվեց TRIPP-ը. Մոսկվայի հակառակորդ երկիրը վերցրեց կարևորագույն այդ ուղին, որը փաստացի ծառայելու է թուրք-ադրբեջանական տանդեմին այն դեպքում, երբ կար դրա իրական այլընտրանքը, որը թեպետ ազգային երազանք չէր,բայց էլի ինչ-որ բան էր: Առաջարկվում էր, որ ճանապարհին պետք է կանգնեին ռուսական ուժերը, ճանապարհը համարվելու էր ՀՀ սուվերեն տարածք, իսկ դրա դիմաց հայկական կողմը ստանալու էր բաց Լաչինի միջանցք ու Արցախի այն կտորը, որը չէր հանձնվել Ադրբեջանին: Այսինքն՝ մի քանի անգամ ավելի շատ բան էր ունենալու Հայատանը, քան ունի այսօր, քանի որ այսօր ոչինչ էլ չունի իրականում:
Նիկոլը գնաց ծայրահեղ քայլի. նա ի հաշիվ Հայաստանի ազգային շահերի լիովին սպասարկեց թուրք-արևմտյան տանդեմի շահերը, որպեսզի պահպանի իր իշխանությունը, ի դեպ՝ նույնն անում է և հիմա:
Այո, ՀԱՊԿ-ն իր պարտականությունները լիովին չի կատարել Հայաստանի հանդեպ, բայց դա էլ է հետևանք այն քաղաքականության, որ Նիկոլն է վարել դեռևս իր իշխանության գալու առաջին իսկ օրերից: Բայց Նիկոլին ի՞նչ այս ամենից. գինը վճարել ու վճարելու է շարքային քաղաքացին, իսկ Նիկոլը շարունակելու է մնալ իր աթոռին: