Սոս Ջանիբեկյան. «Կյանքիս ամենադժոխային զգացողություններն ունեցել եմ…»


23:12 , 8 հոկտեմբեր, 2013

Esem.am-ը գրում է.

Դերասաններ Սոս Ջանիբեկյանի և Արման Նշանյանի ընկերության մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Մոտ մեկ տարի առաջ տեղեկացրել ենք նաև, որ նրանք պատրաստվում են համատեղ ներկայացում անել: Դերասան-ընկերները ուս ուսի տված ձեռնամուխ են եղել ներկայացման բեմադրմանը, որի առաջնախաղին շատ քիչ ժամանակ է մնացել:

Օրերս պատմել ենք, որ Սոս Ջանիբեկյանին և՛ հայրը՝ Կարեն Ջանիբեկյանը, և՛ կնքահայրը՝ երջանկահիշատակ Սոս Սարգսյանը, խորհուրդ էին տալիս վերադառնալ թատրոն: Դերասանի փոխանցմամբ՝ վաղուց էր որոշել խաղալ թատրոնում, Հոր և կնքահոր հորդորներն էլ ամրապնդել են այդ որոշումը: ESem.am-ը Սոսի հետ զրուցել է թատերական գործունեության, առաջին անկումային ներկայացման և այլ նորությունների մասին:

 - Այժմ քայլ ես անում դեպի թատրոն: Սա հիմնակա՞ն վերադարձ է, թե միայն մեկ ներկայացմամբ ես վերադարձել:

- Ցանկանում եմ հիմնական վերադառնալ թատրոն, սակայն ոչ որպես հաստիքային աշխատող: Խնդիրն այն չէ, որ մեծամտությունից կամ ամբիցիաներից ելնելով չեմ ցանկանում երրորդական դերեր խաղալ: Պարզապես ես ուզում եմ ընտրել այն գործերն ու դերերը, որոնցով կներկայանամ: Դա շատ կարևոր է, որպեսզի հաճույք ստանամ, քանի որ ինձ մոտ լավ չի ստացվում այն, ինչից հաճույք չեմ ստանում:

- Այս ընթացքում հնարավորություն չունեի՞ր քո ընտրած ներկայացումներով ներկայանալու թատրոնում, թե հեռուստատեսությունն, այնուամենայնիվ, կլանել էր քեզ:

- Հեռուստատեսությունն ինձ կլանել էր: Ես հասցրել եմ խաղալ մի քանի ներկայացումներում: Սփյուռքում ներկայացել եմ Սողոմոն Թեհլերյանի դերով: Խաղացել եմ նաև «Ընթրիք հիմարի հետ» ներկայացման մեջ: Այստեղ խաղացել եմ ուսանողական երկու գործում: Դրանցից առաջինն ինձ համար «պրավալային» էր: Կյանքիս ամենադժոխային զգացողություններն այդ ժամանակ եմ ունեցել. բեմում քարացել էի, լարվածությունից չէի կարողանում շարժվել:

Դերասանի համար թատրոնը սուրբ վայր է: Չեմ ուզում համեստություն անել, սակայն մտածում էի, որ դեռ չունեմ այն ինքնավստահությունն ու վարպետությունը, որ կարողանամ լինել բեմում: Հիմա ունեմ այն ինքնավստահությունը, որը պետք է: Դերասանական արվեստում արդեն ինչ-որ չափով լողում եմ ու ունեմ այն պատասխանատվությունը, խիզախությունը, որը պետք է թատրոն մտնելու համար:

 - Լարվածությունը մի՞շտ է ուղեկցում քեզ: Ինչո՞վ էր պայմանավորված, որ այդ ժամանակ լարվածությունդ ձախողման պատճառ դարձավ:

- Ես առաջին անգամ այդ օրը բեմ բարձրացա բառի ամենալայն իմաստով: Բացի այն, որ դա իմ առաջին լուրջ ներկայացումն էր, մենք ներկայացումը ֆիզկուլտուրայի դահլիճում էինք փորձել, բեմում փորձ չէինք արել: Այն ժամանակ մոտ 19 տարեկան էի, չունեի համապատասխան ինքնավստահություն: Այդ ներկայացումը հասցրեցի մինչև վերջ, սակայն եթե ընտրելու լինեի, բեմում կլացեի, ներողություն կխնդրեի հանդիսատեսից ու մինչև կյանքիս վերջ կմոռանայի դերասանի մասնագիտության մասին: Դա ինձ համար մեծ անկում էր: Ասում են՝ վախը վախով կարելի է հաղթահարել: Ես անընդհատ փորձում էի վերադառնալ թատրոն և թույլ չտալ, որ անկումը պարտություն դառնա: Հետագայում՝ 23-24 տարեկանում, երբ ավելի հասուն էի, կարողացա ավելի լավ ներկայանալ:

- Սողոմոն Թեհլերյանին մարմնավորել են մեր գրեթե բոլոր դերասանները: Հեշտ չէ խաղալ մի դեր, որը տասնյակ անգամ ներկայացվել է: Ի՞նչ դժվարություններ ես ունեցել կապված այդ դերի հետ:

- Ամենամեծ բարդությունն այն էր, որ մարմնավորում էի ինձ համար սուբյեկտիվ հերոսի` հայ վրիժառուի, ով կարողացավ ապացուցել, որ ինքը մարդասպան չէ: Սփյուռքում խաղալը պատասանատու է, սակայն ավելի թեթև, քանի որ հանդիսատեսը քեզ սիրով է ընդունում, չի գալիս քննադատելու: Այստեղ հանդիսատեսը կարող է ասել` «գնանք, տեսնենք էդ Սոսն ի՞նչ է անում», այնտեղ ասում են` «գնանք, տեսնենք մեր սիրելի Սոսն ի՞նչ է անում»: Ցավում եմ, որ այստեղ գալիս են տեսնելու, թե ինչ վատ բան ես արել, որտեղ ես թերացել:

- Դու և Արմանը ձեր համատեղ ներկայացման մասին պատմել էիք դեռևս 1 տարի առաջ՝մեզ տված հարցազրույցում: Ինչո՞ւ պրեմիերան այսքան ձգձգվեց:

- Այն ժամանակ սկզբնական շրջանն էր, բացի դրանից, գրական յուրաքանչյուր գործ պահանջում է իր ժամանակը, եթե պրոֆեսիոնալ ու բծախնդիր ես մոտենում: Ներկայացումը շատ երկար կյանք ապրեց, հասունացավ ու հասավ այն կետին, երբ հաստատ իրականանալու է: Խնդիրն այն էր, որ մենք շատ բծախնդիր ենք մոտենում այս ներկայացմանը և չէինք ցանկանում գիտակցված թերություններ ունենալ: Իհարկե, թերություններն անկանխատեսելի են, սակայն ցանկանում ենք զերծ մնալ այնպիսի թերություններից, որոնք կանխելու հնարավորություն ունենք: Մենք նվիրվել ենք ու քրտնաջան աշխատել այս ներկայացման համար: Ինքս մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ սա լինելու է ամենալուրջ քայլս դեպի թատրոն: Ամբողջ ուժս, եռանդս, նպատակներս, բնազդս, զգացողություններս, մի խոսքով՝ ամեն ինչ ներդրել եմ այս ներկայացման մեջ: Օրվա մեծ մասն ապրում եմ դրանով: Հեռուստատեսության հետ կապված գրեթե ամեն ինչից հրաժարվել եմ, որովհետև այս ներկայացումն ու ֆիլմը, որի մասին կպատմեմ, ինձ համար առաջնային են դարձել: Տասից ավելի նախագծերից հրաժարվեցի ու կենտրոնացա սրանց վրա:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ