21:30 , 8 հոկտեմբեր, 2013
Doctors.am-ը գրում է.
Յուղազերծված յոգուրտն ավելի շատ է նպաստում գիրացմանը, քան անարատ կաթից ստացված յոգուրտը: Այդ մասին են վկայում Սթենդֆորդի(ԱՄՆ) համալսարանի գիտնականների կողմից կատարված հետազոտության արդյունքները:
Մասնագետները պնդում են, որ բացակայող ճարպերի փոխարինման համար ավելացվող շաքարը և այլ հավելումներն առաջացնում են անընկալունակություն ինսուլինի նկատմամբ, ինչն էլ հանդիսանում է ճարպակալման հիմնական պատճառ:
Գիտնականների կարծիքով՝ այս միտումը վերաբերում է սննդամթերքի բոլոր յուղազերծված տարբերակներին՝ սկսած նախաճաշերից մինչև աղցանները,որոնք հաճախ թյուրիմացաբար համարվում են ավելի օգտակար, քան դասական կերակրատեսակները:
Ըստ մասնագետների՝ յուղազերծված ելակի յոգուրտը կարող է պարունակել միայն 2% ճարպ և միևնույն ժամանակ 17գրամ շաքար, այսինքն՝ կնոջ համար նախատեսված շաքարի մեկօրյա նորմայի մեկ երրորդ մասը:
Եգիպտացորենի օշարակը, որը լայնորեն կիրառվում է ճարպի ցածր բաղադրությամբ մթերքների մեջ վերջինիս համը բարելավելու նպատակով, պարունակում է մեծ քանակությամբ ֆրուկտոզա, հետևաբար, այն վտանգավոր է առողջության համար:
Գիտնականները նախազգուշացնում են, որ փաթեթավորման վրա "յուղազերծված" կամ "ցածր կալորիականությամբ" գրառումները տեսնելիս պետք է հիշել, որ տվյալ ապրանքը չարժե գնել և խորհուրդ են տալիս ավելի ուշադիր ընթերցել գնվող նյութի բաղադրությունը: