18:34 , 8 հոկտեմբեր, 2013
Operativ.am-ը գրում է.
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանն անդրադարձել է Միացյալ Երիտասարդական Լիգա անվանմամբ կազմակերպության տարածած այն ցուցակին, որում ընդգրկված էին հանրությանը հայտնի մարդիկ, ովքեր «աղանդավորական» են. նրանց թվում է եղել նաև Տիգրան Ներսիսյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Ներսիսյանն ասաց, որ իր անունը մեծ պատիվ է բերում ցանկացած կառույցի, որը չի պատկանում Հայ առաքելական եկեղեցուն: Բայց դերասանը զարմացած է, որ այդ կառույցների առաջնորդները լռում են, և չեն հայտարարում, որ Տիգրան Ներսիսյանը իրենցից մեկը չէ:
Դերասանը հերքեց այդ լուրերը. «Դա կեղծիք է, ակնհայտ սուտ և ապատեղեկատվություն, բացահայտ կեղծիք, բացահայտ սուտ»: Տիգրան Ներսիսյանը նշեց, որ ինքն արագ արձագանքել է դրան, և պահանջել, որպեսզի Միացյալ երիտասարդական լիգան հերքում ներկայացնի: Հաջորդ օրը համանախագահի հետ զրուցել է նաև դերասանի կինը Նելլի Խարանյանը կրկին հերքում պահանջելու համար: Համանախագահը պատասխանել է, որ հերքումը կներկայացնեն օրվա ընթացքում և ներողություն կխնդրեն, սակայն մինչև այժմ հերքում չեն ներկայացրել:
Տիգրան Ներսիսիյանը ևս մեկ անգամ տեղեկացրեց, որ ինքն, և իր կինը մկրտվել են Հայ առաքելական եկեղեցում, հարում են Առաքելական եկեղեցուն:
Անդրադառնալով տարածված այն տեղեկությանը, թե իր վարած մեքենան նվիրել է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանը, դերասանն ասաց, որ նրան չի էլ տեսել, իսկ եթե որևէ աղանդավորական կազմակերպության հարեր, չէր թաքցնի:
Կազմակերպության տարածած լուրերը դերասանը համարում է PR, իսկ դատական հայց չի ներկայացնի՝ հավատալով, որ նրանք մի օր կսթափվեն: