Տրանսֆերտների ծավալով աշխարհում 6-րդն ենք


15:44 , 8 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հայաստանն աշխարհում 6-րդ տեղն է զբաղեցնում միգրանտների ուղարկած գումարների և Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հարաբերակցությամբ:  Սա երևում է Համաշխարհային բանկի` օրերս հրապարակած զեկույցից:

 Տնտեսության (ՀՆԱ-ի) համեմատ ամենամեծ փոխանցումներն աշխարհում արվում են դեպի Տաջիկստան` ՀՆԱ 48%-ը, Ղրղզստան՝ 31%, Նեպալ՝ 25%, Լեսոտո՝ 25%, Մոլդովա՝ 24%, Հայաստան՝ 21%, Հաիթի՝ 21%, Սամոա՝ 21%, Լիբերիա՝ 20% և Լիբանան՝ 17%:

 Մեր տնտեսության չափազանց մեծ կախվածությունը տրանսֆերտներից երևում է նաև մեկ այլ ցուցանիշից` տրանսֆերտների և արտարժութային պահուստների հարաբերակցությունից: Աշխարհի 15 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, միգրանտների մասնավոր փոխանցումները բացարձակ թվով գերազանցում են արտարժութային պահուստների մակարդակը: Տաջիկստանի դեպքում փոխանցումները գերազանցում են պահուստները 14 անգամ, Սուդանում` ավելի քան 5 անգամ, Եգիպտոսում ու Էկվադորում` ավելի քան 2 անգամ: Հայաստանը այդ 15 երկրների մեջ 7-րդն է` փոխանցումները գերազանցում են պահուստների մակարդակը 31%-ով:

 Սպասվում է, որ արտասահման աշխատանքի մեկնածների ուղարկած գումարները զարգացող և թույլ զարգացած երկրներ այս տարի կաճեն 6.3%-ով` 2012-ի համեմատ: Հայաստանի դեպքում, համաձայն մեր Կենտրոնական բանկի տվյալների , խոսք է գնում երկնիշ` 12-13% աճի մասին: Բայց մեր ՀՆԱ աճը 4-5%-ի սահմաններում է, այսինքն` տրանսֆերտների աճից մոտ 3 անգամ քիչ: Իսկ դա նշանակում է, որ տրանսֆերտներ/ՀՆԱ հարաբերակցությունը (տնտեսության կախվածությունը տրանսֆերտներից) առաջիկա տարիներին կմեծանա:

 Նկատենք, որ տրանսֆերտներից մեծ կախվածություն ունեցող երկրների մի մասը ավելի անբարենպաստ վիճակում է: Համեմատաբար բարենպաստ պայմաններում են այն երկրները, որտեղ փող է փոխանցվում զարգացած երկրներից (ԱՄՆ, Արևմտյան Եվրոպա և այլն): Անբարենպաստները նավթարդյունահանող երկրներից (Ռուսաստան, Պարսից ծոցի համագործակցության երկրներ` Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Քաթար, Քուվեյթ, Օման, ԱՄԷ) փոխանցումներ ընդունողներն են, ինչը նշանակում է, որ նրանք մեծապես կախված են նավթի գնի տատանումներից: Հայաստանը անբարենպաստների ցուցակում է, քանի որ մեր տրանսֆերտների 90%-ը գալիս է Ռուսաստանից: Իսկ թե ինչ է լինում մեր տնտեսության հետ, երբ նավթի գներն իջնում են, մենք ականատես եղանք 2009-2010 թվականներին:

 Այսպիսով, Հայաստանի տնտեսության կախվածությունը արտաքին տրանսֆերտներից գնալով մեծանում է, ինչը երկրի տնտեսությունը դարձնում է առավել խոցելի ու զգայուն նավթի գների տատանումներից: