Իրանի նախագահը Պուտինին ասել է, որ Թեհրանն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը․ Tasnim


10:20 , 7 մարտ, 2026

Թեհրանն ակնկալում է, որ Ռուսաստանը կօգտագործի իր միջազգային ներուժը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայի դեմ պայքարում իրանցի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է Tasnim-ը։

Ուրբաթ երեկոյան տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահը և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը քննարկել են տարածաշրջանային վերջին իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ի և իսրայելական վարչակարգի կողմից Իրանի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմից հետո։

Փեզեշքիանն Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի սպանությունը բնութագրել է որպես իրավական բոլոր սկզբունքներին և միջազգային նորմերին հակասող արարք։

Նա ընդգծել է, որ բռնակալները փորձում են կույր ու հուսահատ ուժի գործադրմամբ սեփական կամքը պարտադրել ժողովուրդներին։ Սակայն, նրա խոսքով՝ «Սեփական պետության ու համակարգի հանդեպ իրանցիների համախմբված ու հերոսական աջակցությունը փաստել է, որ նման հարձակումները միայն ավելի են ամրապնդում ինքնիշխանության նկատմամբ ազգի ունեցած վճռականությունը»։

Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը «ակնկալում է, որ Ռուսաստանը կօգտագործի իր միջազգային ներուժը՝ այս ագրեսիայի դեմ պայքարում Իրանի ժողովրդի օրինական իրավունքները պաշտպանելու համար»։

Նա նշել է, որ տարածաշրջանի երկրների հետ դիվանագիտական խորհրդակցությունները հստակեցրել են, որ ԱՄՆ ռազմական բազաների ուղղությամբ հասցված հարվածները բացառապես պաշտպանական բնույթ են կրում և ուղղված են Իրանի ու նրա ժողովրդի պաշտպանությանը, գրում է իրանական լրատվամիջոցը: