11:35 , 8 հոկտեմբեր, 2013
Aysor.am-ը գրում է.
Աղքատությունը 35 տոկոս է, ծնելիության գործակիցը` 1.5, որը չի ապահովում նույնիսկ պարզ վերարտադրություն: Այսօր «ժողովրդագրական մարտահրավեները ՀՀ-ում» համաժողովի ժամանակ նման ցուցանիշներ ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը:
Նա նաև փոխանցեց, որ ծնելիությունը զարգացած երկրների համար լուրջ գլխացավանք ու հիմնախնդիր է դարձել, Հայաստանը ևս անմասն չի մնացել այս ժողովրդագրական հիմնախնդիրներից:
Փոխնախարարը Հայաստանի ժողովրդագրական նման վիճակը բացատրող պատճառներից նշեց 1988 թ-ի երկրաշարժի աղետալի հետևանքները, Խորհրդային միության փլուզումը, որն առաջացրեց միգրացիոն հոսքեր, պատերազմը, շրջափակումը, պարբերական ճգնաժամը:
Ա. Պետրոսյանը շեշտեց, որ Հայաստանում բացի աղքատությունից, մեծ տոկոս է կազմում գործազրկությունը. «Դեռևս շարունակվում են միգրացիոն հոսքեր, ունենք առողջության, առողջության վերականգնման հետ կապված խնդիրներ»:
Նշենք, որ համաժողովի նպատակն է ներկայացնել երկրի առջև ծառացած ժողովրդագրական մարտահրավերների խորքային ուսումնասիրություններ և համապատասխան լուծումների ուրվագծեր նախանշել: