Ի՞նչ է թաքնված Թորոսյան Արսենի «հոգատարության» հետևում


17:10 , 26 փետրվար, 2026
Ապրիլի 1-ից կենսաթոշակառուներն իրենց թոշակները կստանան անկանխիկ եղանակով, ինչի հետ կապված իշխանությունները որոշել են ժեստ անել՝ հեշտացնելու մեծահասակների կենցաղը:

«Փոփոխությունների նպատակը ապրիլի 1-ից կանխիկից անկանխիկի անցման պրոցեսը սահուն իրականացնելն է: Նոր պրոցեսներ ենք ներդնում, որը թույլ է տալու քաղաքացիներին, որոնք խնդիր ունեն՝ ինքնուրույն այդ գործընթացն անելու, որևէ կերպ չզրկվեն կենսաթոշակը ստանալու իրավունքից:Նախատեսում ենք սուրհանդակային առաքման եղանակը կա՛մ սուրհանդակային ծառայության, կա՛մ բանկի աշխատակիցների միջոցով, ինչպես նաև ՄՍԾ-ի ներկայությամբ առաքման փաստը հաստատելու մեխանիզմ»,-մասնավորապես՝ հայտարարել է Արսենը:

Թոշակառուների հանդեպ այսքան մեծ «սերը» իրականում ոչ թե քաղաքացիներին արժևորելն է, այլ կրկին ընտրությունները: Հանուն վերարտադրության արսենները պատրաստ են սուրհանդակ էլ դառնալ, վարորդ-առաքիչ էլ՝ հետը, միայն թե կարողանան առավելագույն քաղաքական կապիտալ քամել բարձրացվելիք թոշակներից: Սուրհանդակների օգնությամբ ՔՊ-ն փորձելու է անել այնպես, որ բարձրացվելիք կենսաթոշակի քաղաքական էֆեկտը հնարավորինս ամբողջական լինի:

Միանշանակ է սակայն, որ խնդիրը՝ կապված սոցիալական քաղաքականության ինստիտուցիոնալ որակի հետ, չի լուծվելու, քանի որ գործ ունենք, ըստ էության, ընտրական յուրատեսակ տեխնոլոգիայի գործարկման հետ, որի թիրախում է հայտնվել հասարակության ամենախոցելի խավը: