21:23 , 20 փետրվար, 2026News.am-ը գրում է․
Աղմկահարույց չարաշահումների, այդ թվում երեխաներին հատկացված սննդի հափշտակության և աշխատավարձերի յուրացումների գործով անցնող Շենգավիթի թիվ 143 մանկապարտեզի տնօրենի նախկին պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանին, ով Շենգավիթի ՔՊ-ական թաղապետ Տիգրան Գաբրիելյանի կարգադրությամբ այսօր վերանշանակվել է նախկին պաշտոնին, պատրաստ է ազատման դիմում դրել, եթե Հակակոռուպցիոն կոմիտեն իրեն մեղադրանք ներկայացնի: Այս մասին Ռուզաննա Դանիելյանը հայտարարել է այսօր՝ փետրվարի 20-ին, մանկապարտեզի երեխաների ծնողների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ մանկապարտեզի սաների մի շարք ծնողներ, տեղեկանալով Դանիելյանի վերանշանակման մասին, ի նշան բողոքի, տոպրակներով սննդամթերք են բերել և նետել Ռուզաննա Դանիելյանի աշխատասենյակի դռան առաջ: Բողոքի ակցիայի մասնակից ծնողները NEWS.am-ին հայտնեցին, որ ցանկացել են անձամբ տնօրենին «հանձնել» իր պաշտոնավարման ընթացքում մանկապարտեզի նկուղից հայտնաբերված և երեխաներից գողացված սնունդը խորհրդանշող մթերքները:
Այդ ընթացքում վիճաբանություն և հրմշտոց սկսվեց Ռուզաննա Դանիելյանին ուղեկցող տղամարդու և ծնողների միջև: Ծնողների հարցին, թե ո՞վ է այդ մարդը և ի՞նչ գործ ունի ներսում մանկապարտեզի աշխատանքային ժամին օտար տղամարդը և ի՞նչ իրավունք ունի ծնողների վրա բղավելու, Դանիելյանը չնշեց՝ հրաժարվելով տեսախցիկների առջև խոսել: Փակ հանդիպումից հետո ծնողները NEWS.am-ին պատմեցին, որ Դանիելյանին քաղաքավարի բացատրել են, որ այլևս չեն վստահում նրան և չեն ցանկանում, որ նման սկանդալային պատմություններից հետո հեղինակազրկված մանկավարժը զբաղվի իրենց երեխաների դաստիարակությամբ: Դանիելյանն էլ իր հերթին ծնողների մոտ մեղադրել է մանկապարտեզի աշխատակիցներին՝ իր գլխին սարքելու համար, մեղադրել Շենգավիթ վարչական շրջանի գործող թաղապետին իրեն ուշ նշանակելու, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիաննա Գասպարյանին՝ նախկինում կոնկրետ աշխատակցի հաստիքի նշանակելու հարցում իրեն պարտադրելու, իսկ նախկին թաղապետին՝ իր պաշտոնավարման ընթացքում մանկապարտեզում բացահայտված հնարավոր չարաշահումների մասին ոստիկանությանը չհայտնելու համար: Ռուզաննա Դանիելյանը հայտարարեց, որ պաշտոնից կազատվի միայն այն դեպքում, երբ իրեն մեղադրանք առաջադրեն:
Հիշեցնենք, որ այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է քրեական վարույթ՝ Ռ. Դանիելյանի կողմից կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական դիրքն օգտագործելով գույք հափշտակելու հոդվածներով։
Այս գործով Ռուզաննա Դանիելյանի դեմ հաղորդում են ներկայացրել մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ։ Թե ինչ կարգավիճակ ունի նա այս պահին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս չի հայտնել։