21:38 , 7 հոկտեմբեր, 2013
Այդպես էլ չհասկացանք՝ Երեւանի Կենտրոնական փակ շուկան, որի շուրջ այդքան կրքեր էին բորբոքվել, այսօր վերջապես բացվե՞ց, թե՞ չբացվեց: Որովհետեւ դարպասները բաց են, բայց շուկայի մեծ մասը գրավող խանութը փակ է: Երեւի կարելի կլիներ ասել՝ Փակ շուկան կիսաբացվեց: Բայց դա էլ սխալ կլինի, որովհետեւ եթե ինչ որ բան Մաշտոցի պողոտայի սկզբնամասում այսօր բացվել է՝ դա հենց շուկան է: Սուպերմարկետը առայժմ չի աշխատում:
Բայց ամեն ինչից երեւում է, որ այս կամարների ներքո այսուհետ թագավորելու է հենց սուպերմարկետը, շուկան մի տեսակ դուրս է մղվել, ծվարել է պատերի տակ: Ու ընդհանրապես այնքան էլ նման չէ շուկային, ավելի շուտ մթերային խանութի պտուղ բանջարեղենի բաժինն է հիշեցնում շուկայական այդ մասը:
Դուք հիշո՞ւմ եք այս շուկան: Ինքը գրեթե իմ տարիքին է՝ մենք համարյա միաժամանակ ենք ծնվել ու միասին ենք մեծացել՝ ես ու շուկան: Հայրս գիտե՞ք ինչպես էր առեւտուր անում այստեղ: Դա մի արարողություն էր: Ամեն կիրակի գալիս էինք: Հայրս ինձ թողնում էր ջրավազանի մոտ: Հիշում եք, չէ, կենտրոնում մի ջրավազան կար, զբոսաշրջիկները կոպեկներ էին գցում: Ուրեմն ես նստում էի այնտեղ քարի վրա, իսկ հայրս գնում էր, կներեք ժողովրդական արտահայտության համար՝ բազար անելու: Նա երեք անգամ էր պտտվում շուկայով մեկ: Առաջին անգամ միայն նայում էր ինչ կա չկա, ոչ մի բան չէր հարցնում ու չէր էլ առնում: Երկրորդ պտույտին արդեն սկսում էր հարցնել՝ ինչ արժե ու, բնականաբար, սկսում էր սակարկել՝ երկար ու հյութեղ էր սակարկում, արեւելյան շուկայի բոլոր կանոններով: Եվ միայն երրորդ պտույտին, որին նաեւ ես էի մասնակցում՝ հիմնականում որպես բեռնակիր բանվոր, արդեն գնում էր պոմիդորն ու վարունգը, դեղձն ու տանձը: Հա բուրումնավետ լավաշը չմոռանամ:
Չգիտեմ՝ դուք այսօր հասցրեցի՞ք տեսնել նորաբաց շուկան: Հիմա արդեն այնտեղ պտտվելու առանձնապես հնարավորություն էլ չկա: Մի քիչ տարօրինակ տպավորություն է թողնում ու անհասկանալի զգացմունքներ առաջացնում: Մտնում ես իրոք հարազատ շուկա, բայց դիմացդ միանգամից խանութ է հայտնվում: Հիբրիդի նման մի բան է: Քանի որ սուպերմարկետը դեռ փակ է ու չգիտեմ էլ՝ արդյոք այնտեղ էլ մրգերի ու բանջարեղենի բաժին կա, առայժմ անհնար է համեմատել գները՝ շուկայում եւ խանութում: Իսկ դա շատ հետաքրքիր է: Կարո՞ղ եք ասել՝ որտեղ է հիմա ավելի ձեռնտու առեւտուր անել՝ շուկայում, թե խանութում: Համաձայնեք, բարդ հարց է: Որովհետեւ շատ դժվար է համեմատելը: Եթե ասեմ տանձը Սիլաչիում ավելի էժան է, քան ՍԱՍում, իրավացիորեն կասեք՝ նայած ինչ տանձ: Շատ ճիշտ եք: Երեկ խեցգետին էինք առնում: Այս չափսը արժե 2 հազար, իսկ մի փոքր ավելի մեծը՝ 4000 դրամ: Դե արի ու հասկացիր՝ այսինքն այդ տարբերությունը՝ մեկուկես սանտիմետր խեցգետինն արժե երկու հազար դրամ:
Էդպես շուկայի հետ միասին Երեանում մեծանում էինք եւ 60ականներին ես գնացի դպրոց, իսկ Փակ շուկան ստացավ ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ: Եվ հիմա մեր հարազատ շուկայի շուրջ ծավալված հիմնական կռիվը հենց դա է՝ արդյոք կարելի է ձեղափոխել ճարտարապետական հուշարձանը: Շատ խորհրդանշական է, որ այսօր բացվեց ոչ միայն շուկան, այլեւ շուկայի հետ կապված դատավարությունը՝ Զարուհի Փոստանջյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել իրավապահ մարմիններին, որոնք անգործություն են ցուցաբերել եւ թույլ են տվել, որ շուկայի հետ վարվեն այնպես, ինչպես վարվեցին:
Այն, ինչ կատարվեց շուկայի հետ, ընդհանրապես շատ խորհրդանշական է: Կարծես թե տարբեր պետական մարմիններ հայտնել են իրենց անհամաձայնությունը, էլ չեմ ասում ճարտարապետների մասին, որոնք ամիսներ շարունակ պարբերաբար հայտնել են իրենց մտահոգությունը՝ որ չի կարելի ճարտարապետական հուշարձանը ձեւափոխել: Այն, իհարկե, կարելի է վերանորոգել, նորացնել, բայց ամեն ինչ պիտի հիմնականում պահպանվի այնպես, ինչպես եղել է 1952 թվականին, երբ բացվեց այդ գեղեցիկ շուկան: Եվ այնուամենայնիվ շինարարությունը չդադարեցվեց, բողոքի բազմաթիվ ցույցերը ոչ մի արդյունք չտվեցին: Ավելի շուտ արդյունք տվեցին՝ ծնեցին հակացույցեր, որոնք հաճախ շատ ավելի բազմամարդ էին, քան ակտիվիստների ակցիաները:
Բայց ի վերջո գործեց մեր հայաստանյան այսօրվա իրականության մեջ պարզապես համընդհանուր տարածում ստացած մի սկզբունք՝ փաստի առաջ կանգնեցնելու սկզբունքը:
Հիշո՞ւմ եք, իտալական այն համով կատակերգությունը՝ ՙԱնսանձ տղամարդու սանձահարումը՚: Ադրիանո Չելենտանոն մտնում է հարեւանի տուն, առանց հարցնելու վերցնում է հեռախոսափողը եւ զանգահարում է Օռնելա Մուտիին: Եվ անկողնում պառկած հարեւանը զարմացած հարցնում է՝ ՙԼսիր, դու օգտվում ես իմ հեռախոսից եւ նույնիսկ չես էլ հարցնում ինձ՚: Չելենտանոն անտարբեր շպռտում է՝ ՙԱյո՚: Ու խեղճ հարեւանը ասում է՝ ՙԼավ՚: Այսինքն՝ բա ինչ անեմ՝ եթե գիտես, որ չի կարելի, բայց անում ես, ես ինչ կարող եմ անել:
Համաձայնեք՝ ամեն քայլափոխի այս երեւույթին բախվում ենք՝ Մեքենադ ինչու ես մայթին կանգնեցրել, չէ որ գիտես, որ չի կարելի: Ժպտում է՝ Ձյաձ ջան, գիտեմ, բայց ուրիշ տեղ չկա: Բենզալցակայանը ինչու ես պատուհաններիս տակ կառուցել, չէ որ չի թույլատրվում: Գիտեմ, բայց անում եմ:
Ու ամենաահավորը ոչ թե նա է, որ հանրությունը համակերպվում է՝ պետական մարմիններն են համակերպվում: Պետական մարմինները, որոնց անմիջական պարտականությունն է՝ թույլ չտալ անել այն, ինչ չի կարելի: Պետական մարմինները, որոնք ստիպելու անհրաժեշտ բոլոր գործիքներն ունեն:
Բոլոր դեպքերում զգոսաշրջիկները այստեղ առաջվա պես հաստատ կգան: Հիմա արդեն ոչ միայն սուջուխ ու բաստուրմի գնելու, այլեւ տեսնելու մի բան, որը կարծում եմ, ոչ մի այլ երկրում չես տեսնի՝ սուպերմարկետ շուկայում կամ միգուցե շուկա՝ սուպերմարկետում: Բա որ ասում եմ ՝ մերն ուրիշ է…