Կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը Հայաստանում 60 տոկոս է


16:08 , 7 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հայաստանյան աշխատաշուկայում կանանց մասնակցությունը շատ փոքր է. պատճառն այն է, որ շատ դեպքերում նրանց տեղը համարվում է խոհանոցը: Այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց Կանանց աջակցման կենտրոնի տնօրեն Մարո Մաթոսյանը:

Նրա խոսքով՝ գործազրկության մակարդակը բարձր է հատկապես ամուսնալուծված կանանց շրջանում՝ մոտ 65 տոկոս: «Կանանց ներկայացվածությունը փոքր է կուսակցություններում, դատական համակարգում նրանք ներկայացված են 2 տոկոսի չափով, չկան մարզպետ և քաղաքապետ կանայք, իսկ որպես գյուղապետեր աշխատում է նրանց 8 տոկոսը: Կանանց գործազրկության պատճառը պահպանողական արժեհամակարգն է, երբ հայտարարվում է, որ կինը չի կարող առաջնորդ լինել»,- ասաց նա՝ հավելելով, որ առավել երիտասարդ սերունդը, ի տարբերություն ավագ սերնդի, հերքում է այս պնդումը: 

Մարո Մաթոսյանը տեղեկացրեց նաև, որ կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը Հայաստանում հասնում է մինչև 60 տոկոսի:

Քննարկման մյուս բանախոս՝ Արիզոնայի պետական համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Աղաջանյանն իր հերթին նշեց, որ ԱՄՆ-ում նման խնդիր գոյություն չունի: «Նմանօրինակ հարցերն այնտեղ կարգավորվում են օրենքով: Հայ կանայք պետք է ունենան նույն իրավունքներն ու հնարավորությունները, ինչ հայ տղամարդիկ»,- ասաց նա՝ հավելելով, որ աշխատաշուկայում ամենամեծ զբաղվածությունն ունեն Հյուսիսային Եվրոպայի կանայք:

ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Սեդրակ Աստվածատուրովն էլ ասաց, որ ըստ վիճակագրական տվյալների՝ զբաղվածության պետական կենտրոններ դիմողների մեծ մասը կանայք են: 

«Առհասարակ մեր երկրում գենդերային ռիսկերը խորապես ուսումնասիրված ու վերլուծված չեն: Սա կարելի է բացատրել գենդերային հարցերի հայեցակարգի ոչ լիարժեք մշակմամբ»,- ասաց նա:

Քննարկումն ամփոփող Չեխիայի Գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, Սոցիոլոգիայի ինստիտուտի գենդերի և սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Ալյոն Կրիժկովան ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ գենդերային անհավասարության պատճառով իր երկրում կանանց գործազրկության մակարդակն ամենամեծը եղել է 1989 թվականին: 

«Տնտեսության անցումային փուլում չեխ կանայք աշխատում էին հատկապես հանրային և առողջապահական բնագավառներում, որտեղ կարիերա անելու և առաջ գնալու հնարավորություններ գրեթե չկային: Այժմյան աշխատաշուկայում չեխ կանայք ներկայացված են 59 տոկոսով, գործազուրկ է 8.2 տոկոսը: Ձեռներեցությամբ զբաղված է չեխ կանանց 12 տոկոսը՝ այն դեպքում, երբ ձեռներեցությամբ է զբաղվում տղամարդկանց 22 տոկոսը»,- ասաց նա: