15:21 , 7 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Փակ շուկայում անօրինական կառուցապատումը շարունակվում է առայսօր, բայց ոչ ոք չի բռնում կառուցապատողի ձեռքը: Հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեցին Փակ շուկայի կառուցապատման դեմ պայքարող ակտիվիստները՝ նշելով, որ սա իրավական հարթության վրա լուծվող հարց է, քաղաքապետարանը և մշակույթի նախարարությունը հայտարարում են հանցագործության մասին, սակայն հարցը լուծում չի ստանում:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշեց, որ գործընթացն արդեն իսկ խաթարված է, երկու և ավելի անգամ ապօրինի շինարարության իրականացումը հանցագործություն է, իսկ անօրինական շինարարության թույլտվության համար հիմնականում մեղավոր են Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ մշակույթի նախարարությունը:
Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը նշեց, որ իրենք շինարարությունը կանխելու պահանջ չեն ստացել ոչ մշակույթի նախարարությունից, ոչ քաղաքապետարանից: Դեռևս նախորդ տարվանից իրենք կատարել են նախաքննություն, պարզել են, որ շուկայի հետ կապված որոշ աշխատանքներից հետո նոր աշխատանքների անհրաժեշտություն է առաջացել: Հակոբյանի խոսքով՝ նախապես շենքը վերացնելու մտադրություն չի եղել:
«Բավական լուրջ աշխատանք է կատարվել, կան նրբություններ: Ոստիկանության տեսանկյունից այդ արարքում դիտավորություն տեսնել չի կարելի, նա թույլտվություն չի տվել»,- ասաց ոստիկանության ներկայացուցիչը:
«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանի կարծիքով՝ մի շարք փաստեր վկայում են հենց դիտավորության մասին: Տեսանյութ կա, որում հստակ ֆիքսված է՝ քաղաքապետը խոստովանում է, որ իրենք կանխել են բազմահարկ բնակելի շենքի կառուցումն այդ տարածքում: Գործ ունենք դեպքի հետ, որտեղ արձանագրված հանցագործություն կա: Չուգասզյանի համոզմամբ` սա կարող էր բավարար հիմք լինել ոստիկանության համար:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչու ակտիվիստները ներկա չէին, երբ Փակ շուկան բացվում էր: Ի պատասխան` նախաձեռնության անդամը նշեց, որ իրենք պայքարում են, պայքարի մի ձևն էլ նմանատիպ քննարկումներն են: Նա նաև հիշեցրեց, որ ՊԵԿ-ն ու կադաստրը շինարարության թույլտվություն չեն տվել: Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին ևս մեկ անգամ քննարկում կազմակերպել: