Լենկ Թեմուրը դեռ ո՞ղջ է...


11:29 , 7 հոկտեմբեր, 2013

Մայրաքաղաքի տոնին ընդառաջ չէի ցանկանա բացասական լիցքերով հանդես գալ, սակայն ուզում եմ խոսել մի ցավի մասին, որ, կարծում եմ, յուրաքանչյուրիս "սրտի ուղեկիցն է": Բացեք Երևանի մասին պատմող ցանկացած գրականություն ու կարդացեք մեր լեգենդար ԷՐԵԲՈՒՆՈՒ ճակատագրի մասին: Հանդիպող նյութերի գրեթե ճնշող մեծամասնությունում հստակ կհանդիպենք այն մտքին, որ Երևանը չունի պատմական նշանակության հին կոթողներ (չհաշված մի քանի եկեղեցիներ ու Էրեբունի ամրոցի մնացորդները), չնայած, որ քաղաքն արդեն 2795 տարեկան է: Իսկ որպես պատճառ բերվում է այն բազմաթիվ հրոսակախմբերի ու "համաշխարհային նշանակության" դեմքերի արշավանքները մեր տարածաշրջան, ովքեր բացի թալանելուց նաև իրենց "սուրբ պարտքն էին" համարում հիմնահատակ ավերել քաղաքը: Միջնադարյան ճանապարհորդների աշխատություններում կարելի է կարդալ, որ Երևանը մինչև ընդհուպ 19-րդ դար եղել է տիպիկ արևելյան քաղաք` փոքր, կավաշեն, հարթ տանիքներով տներով, նեղ ու փոշոտ փողոցներով, որոնք ամռան կիզիչ տապին ուղղակի դատարկ էին ու մեռյալ: Քաղաքը վերջին ավերածությունները տեսավ գեներալ Պասկևիչի արկերից` ռուս-պարսկական պատերազմի ժամանակ: Եվ 19-րդ դարի երկրորդ կեսին, 20-ի սկզբին քաղաքը ձեռք բերեց նոր` առավել եվրոպական դեմք: Հայաստանի խորհրդայնացումից հետո սկսվում է քաղաքի սովետական ճարտարապետության ժամանակաշրջանը... Իսկ 90-ականներից չգիտեմ էլ արդեն, թե ինչ է սկսել ու երբ է վերջանալու...
Իսկ այժմ մի երկու խոսք "իմ սրտի ուղեկից ցավի" մասին` ըստ ժամանակագրության:

Երևանի բերդ, որը ավերվեց երկրաշարժից ու ռուս-պարսկական պատերազմի ժամանակ, և հետագայում վերածվեց կոնյակի գործարանի... բայց կարող էր չէ՞ վերականգնվել, ու մենք էսօր կունենաինք Երևանի պատմության հրաշալի հուշարձան...

Բազմաթիվ հին շինություններ, որ քանդվեցին սովետական տարիներին, քանի որ "չէին խոսում" Թամանյանական նոր քաղաքի նախագծի հետ` Սբ. Պողոս-Պետրոսը վկա:

Երևանի կենտրոնում պահպանված հին թաղամասը, որն այսօր վերածվել է բետոնե անշունչ զանգվածի` Հյուսիսային պողոտա "փախած" անվան ներքո:

Կոնդը, որի գլխին էլ է սուր կախված, բայց որը կարելի է մի քիչ հոգածության ու ներդրումների միջոցով վերածել տուրիստական ատրակցիոնի` տալով նրան հին քաղքի կոլորիտը:

Երևանի փակ շուկան, որը, ցավոք, այսօր կործանվում է...

Մնացյալ ինֆորմացին թողնում եմ ձեզ, ինքներդ էլ կարող եք գտնել այն համացանցում, կամ գրքերում: Քանի որ ասելիքս քիչ այլ է: Համադրելով այս և այլ փաստեր` գալիս եմ մի եզրահանգման, որ իրականում մեր քաղաքն ու երկիրը ավելի շատ ավեր ու թալան տեսնում են հենց խաղաղ ժամանակ: Իսկ պատերազմների ընթացքում ավերված պատմական հուշարձաններն էլ ոչ միայն չեն վերականգնվել ու չեն վերականգնվում, այլև ուղղակի քանդվել ու քանդվում են, այն պարզ պատճառաբանությամբ, որ դրանք հին են ու մաշված (Երիտասարդական պալատի, Զվարթնոց օդանավակայանի հին շենքի "ոդիսականը" վկա): Համեմատելով մեր ու հարևան վրացիների պատմությունը, որը շատ ու շատ դեպքերում ընդհանուր է (ընդհանուր հավատ, ընդհանուր թշնամիներ, գրեթե ընդհանուր մշակույթ), ու համեմատելով մեր երկու մայրաքաղաքները` զարմանք ես ապրում: Այ մարդ, ասենք Լենկ Թեմուրը Վրաստանը փայփայե՞լ ա, ձեռք չի՞ տվել, չի՞ ավիրել: Կամ նույն արաբները, սելջուկները, օսմաններն ու մնացածները, որ մինչև Իսպանիա էին հասել: Բայց ամեն տեղ ամեն ինչ (մեծամասամբ) իր տեղում ա, մենակ մեր մոտ ա, որ ոչինչ չկա, ու, հավանաբար, չի էլ եղել: Ինչո՞ւ... որովհետև Լենկ Թեմուրը դեռ ողջ է: Հա, հա, մի զարմացեք, նա իրոք ողջ է ու ապրում է մեր մեջ` փողոցում քայլող ու ուխտի պես թքող երիտասարդի մեջ, պատերին նկարող ամեոբայի մեջ, տան աղբը պատուհանից թափող հաստափոր ու հաստակաշի ծյոծյայի մեջ, հռսի կամ եվրոպայի քամակը մտած ու սեփական ազգի ու երկրի նկատմամբ անտարբեր քաղաքացու ու քաղաքական գործչի մեջ, սեփական բիզնեսն ու ունեցվածքը գերակա արժեք ընկալող ու սերունդների նզովքից չվախեցող գործարարների մեջ, ոստիկանի մեջ, ով չի հարգում օրենքն ու համազգեստը, զինվորի մեջ, ով պատրաստ է կրծել իր համերկրացու կոկորդը այն ժամանակ, երբ սահմանից այն կողմ թշնամի ունի, վերջապես իմ ու թո մեջ, եթե չենք պատկանում այս խմբերից որևէ մեկին ու չունենք բարբարոս նախնյաց արյուն մեր մեջ, բայց հանդուրժում ենք այս ամենը... Ցավոք, Լենկ Թեմուրը ողջ է ու ապրում է առավել, քան երբևէ...
Լինելով էությամբ խաղաղասեր ու միշտ դեմ գնալով ցանկացած բռնության` կոչ եմ անում, "սպանենք" մեր մեջի բարբարոսին, ազատենք մեր երկիրը Լենկ Թեմուրներից... իսկ դա հնարավոր է միայն անսահման սիրով ու վատի, անօրենի, անդաստիարակի, բարբարոսի նկատմամբ անհանդուրժողականությամբ...
Ու էդ ժամանակ Երևանը, Հայաստանն ու Հայը կլինեն ոչ թե մեր սրտերի ուղեկիցները, այլ ջահակիր առաջնորդները...