ՌԴ հատուկ ծառայությունները բռնել են Ֆազին կյանքից զրկողին․ ով է նա


18:48 , 22 հունվար, 2026

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել են Սերգեյ Գրիգորյանի՝ Ֆազի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող Հարություն Սահակյանին։ Մեր տեղեկություններով՝ ՀՀ իրավապահ համակարգը զբաղվում է Սահակյանին Հայաստան բերելու ուղղությամբ։ Նա հետախուզման մեջ է գտնվում Ֆազի սպանության հաջորդ օրվանից։ Ըստ մեղադրանքի՝  Սահակյանը խմբի կազմում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, 2024թ․ հունիսի 11-ին ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել է Սերգեյ Գրիգորյանին։ Սպանությունը կատարողներից Սուրեն Գրիգորյանը նույնպես հետախուզման մեջ է։

Ֆազի սպանության կազմակերպիչներից երկու անձ՝ Ռուստամ Ստեփանյանը (Չաղ Ռուստամը) և Աշոտ Կյուրեղյանը կալանավայրում են։ Նրանք կազմակերպել են սպանությունը կատարած անձանց` Սուրեն Գրիգորյանի և Հարություն Սահակյանի տարբեր տեղաշարժերը, անհրաժեշտ գնումների կատարումները, գործողությունները։ Ավելի վաղ «Իշխանությունը» գրել էր, որ Ֆազի եղբայրը՝ Գրիգոր Գրիգորյանը, Ֆրանսիայի Լիոն քաղաքի ռեստորաններից մեկում պատահաբար հանդիպել  եղբոր սպանության գործով հետախուզման մեջ գտնվող Սուրեն Գրիգորյանին եւ ծեծի ենթարկել՝ փորձելով հաշվեհարդար տեսնել։

Ֆազի սպանությունը երկարատեւ մշակված պլան է եղել։ Հանցանքի կատարումը հեշտացնելու, անվրեպ իրականացնելու, հնարավոր հետքերը թաքցնելու համար նրանք ձեռք են բերել անհրաժեշտ առարկաներ՝ հեռադիտակ, ձեռնոցներ, դիմակներ, ոստիկանության համազգեստ, ռադիոկապի սարքեր, լապտեր, կեղծված համարանիշներ, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա՝ դրա վրա փակցնելով կեղծ համարանիշներ:

2024թ․ հունիսի 11-ին խմբի անդամները մի քանի անգամ հանդիպել են Պռոշյան գյուղում։ Հետագայում հանցագործությունն անմիջականորեն կատարած երկու անձը` Սուրեն Գրիգորյանը և Հարություն Սահակյանը, կեղծված հաշվառման համարանիշներով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով ժամը 21-ի սահմաններում ուղևորվել են Երևան։ Սպանությունից հետո Գրիգորյանի և Սահակյանի ձեռք բերած «Օպել» մակնիշի մեքենայի բեռնախցիկի հատվածում ու դեպքի վայրում հայտնաբերվել են «ոստիկանություն» գրառմամբ բաճկոն, հեռադիտակ, բենզինով տարաներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտատուփ, ռադիոկապի երկու միջոց, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ ու փամփուշտներ:

 Այժմ Սուրեն Գրիգորյանի և Հարություն Սահակյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, քանի որ վերջիններս հասցրել են հունիսի 12-ին երկրից դուրս գնալ։