ԵԽԽՎ Բյուրոյում Զարուհի Փոստանջյանի հարցը բարձրացրել է Սամադ Սեիդովը


09:44 , 7 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին խաղատներում գումար տանուլ տալում մասին հարց տալուց հետո Եվրոպայի խորհրդի Բյուրոյի նիստում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը բարձրացրել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը: Այս մասին Tert.am-ի տեղեկությունը հաստատեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` ավելացնելով, որ այդ հարցը քննարկվել է «այլ հարցերի թվում»:

Դավիթ Հարությունյանը չցանկացավ կոնկրետ պատասխանել, թե ադրբեջանցի պատվիրակը կոնկրետ ի՞նչ հարցադրմամբ է Բյուրոյում դրել Փոստանջյանի հարցը, այսինքն` ասել է, որ Հայաստանում խոսքի ազատությունը չե՞ն հարգում, կամ պատվիրակության անդամին փոփոխում են իր հարցադրման համա՞ր: Նա միայն ասաց. «Չկրկնեմ Սեիդովի խոսքը»:

Մեր տեղեկություններով` Սեիդովի հարցադրումը եղել է այն, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը Հայաստանում քաղաքական հետապնդման է ենթարկվում ազատ խոսքի համար:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանըդիմել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ ՀՀ ԱԺ նախագահը ցանկանում է հեռացնել իրեն հայկական պատվիրակությունից՝ եվրոպական խաղատներում գումար տանուլ տալու մասին նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած հարցի պատճառով:

«Ոչ մի»,- ասաց Դավիթ Հարությունյանը` ի պատասխան հարցի, թե Բյուրոյի կողմից հարցն ինչ ընթացք է ստացել: «Մանրամասներ չեմ ցանկանում փոխանցել Բյուրոյի նիստի մասին և ընդհանրապես, Բյուրոյի նիստերը փակ են»,- ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ