Մխիթարյանն ու Բորուսիան կրել են առաջին պարտությունը. Գերմանիայի առաջնություն. 8-րդ տուր. ՏԵՍԱՆՅՈՒԹ


08:32 , 7 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Բունդես Լիգայի 8-րդ տուրում առաջին պարտությունն է կրել Դորտմունդի «Բորուսիան»:

Դորտմունդցիներն արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվել են Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չեն արձանագրվել: Մինչև հանդիպման 80-րդ րոպեն երկու Բորուսիաները դիպուկությամբ աչքի չեն ընկել: Սակայն խաղավարտից 10 րոպե առաջ դաշտի տերերն ավելի կազմակերպված են գտնվել ու մրցակցին 2 անգամ ստիպել են խաղը սկսել կենտրոնից: 80-րդ րոպեին Մատս Հումելսը սեփական տուգանային հրապարակում խախտել է կանոնները մրցակցի հանդեպ: Գերմանացի պաշտպանը հեռացվել է խաղադաշտից, իսկ Դորտմունդի «Բորուսիայի» դարպասին նշանակված11 մետրանոց հարվածն անվրեպ է իրացրեց գերմանացի հարձակվող Մաքս Կրուզեն: Րոպեներ անց բրազիլացի հարձակվող Ռաֆայելը երկրորդ գնդակն է ուղարկել հյուրերի դարպասը՝ վերջակետ դնելով խաղին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղացել է 77 րոպե: Նրան փոխարինել է Յակուբ Բլաշչիկովսկին, սակայն ապարդյուն: 

Մյունխենի «Բավարիան»` առաջնության առաջատարներից մեկը, նույնպես մեկնել էր արտագնա հանդիպման` Լևերկուզեն` տեղի «Բայերի» հետ մրցելու: Մի քանի օր առաջ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» ոչնչացրած «Բավարիան» խաղը սկսել է բարձր տրամադրությամբ և հաղթանակի անկնկալիքով: Սակայն մրցակցի դարպասը գրավել Պեպ Գվարդիոլայի սաներին հաջողվել է միայն մեկ անգամ: Ֆռանկ Ռիբերին գոլային փոխանցում է կատարել Տոնի Կռոսի ուղղությամբ` 0-1: Սակայն «մյունխենցիները» երկար չեն ուրախացել: Չէր հասցրել վայրկյանաչափը կատարել հերթական պտույտը, դաշտի տերերը պատասխանել են: Աչքի է ընկել Սիդնի Սեմը: Հաղթանակը կորզելու համար «Բավարիան» գրոհի է նետվել ամբողջ թիմով, սակայն անգամ փոխարինման դուրս եկած երկու Մարիոները` Գյոտցեն ու Մանջոկիչը չեն կարողացել խելքին մոտ հարված կատարել: Իսկ «Բայերը» դեռ կարող էր հաղթանակ կորզել, սակայն Մանուել Նոյերն իր թիմի համար ոչ ոքի է փրկել` 1-1:



Այսպիսով`  «Բորուսիան» վաստակելով 19 միավոր մնացել է երկրորդ տեղում: Իսկ Մյունխենի «Բավարիային» 1 միավորն էլ էր բավարար մրցակցին շրջանցելու համար: Պեպի սաներն ունեն 20 միավոր և իանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը: