Բա մենք էլ ինչով պետք է կոչվենք հայ. ազգագրագետը կարմիր խնձորի մասին


12:57 , 6 հոկտեմբեր, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը լրագրողի այն դիտարկմանը, որ մեր օրերում կա միտում` նախքան ամուսնանալը նաև ճանաչել միմյանց սեռական կյանքում, ինչը տանում է քաղաքացիական ամուսնությունների, ազգագրագետը պատասխանեց, որ եվրոպական բարքերի և «շքեղ» տեղեկատվության արդյունքում այն վեր է բարձրացվում և հանրորեն ներկայացվում է այն, ինչը նախկինում եղել է ընտանիքի սեփականությունն ու ներքին կյանքը: «Դա անհարմարության զգացում է եղել, որ նմանատիպ հարցերը վեր բարձրացվեն: Այսօր երիտասարդ, 35 տարեկան աղջիկները կուսության խնձորը հուղարկավորում են, և ես ապշում են նրանից, որ դա խրախուսվում ու հովանավորվում է հանրության կողմից: Ես գտնում եմ, որ նման ծիսական կարգը, արարողությունները մկրատի կամ դանակի մեկ հարվածով կտրել ու հարյուրամյակների հոսքին դիմակայածին պետք է վերաբերվել խիստ զգուշորեն: Ես չեմ ասում սեռական սիրուն, կյանքին ուշադրություն պետք չէ դարձնել, բայց դա չի նշանակում, որ մեկ հարվածով թրատել ու վերացնել մեր իրականությունը: Բա մենք էլ ինչով պետք է կոչվենք հայ»,- իր խորը հիասթափությունն արտահայտեց Նահապետյանը: Նա նաև ասաց, որ զարմացել էր այն դեպքից, երբ ականատես էր եղել, թե ինչպես են աղջիկն ու տղան միասին մի քանի տարի ապրել, երեխաներ ունեցել, հետո որոշել քաղաքացիական ամուսնություն կնքել: Ազգագրագետը համոզված է, որ մեր իրականությանը դա հարիր չէ: «Ես կարծում եմ` սա ռազմավարություն է, պետական ձեռքի տակ գտնվելու արժանի երևույթ: Պետք չէ հեռանալ ազգային արմատներից: Հայուհուն իր հեզությունն ու համեստությունն է հայուհի դարձնում»,- նշեց ազգագրաֆետը: