01:10 , 6 հոկտեմբեր, 2013
Երկար ժամանակ մտածելուց, տատանվելուց հետո որոշեցի գրել, որքան էլ փորձեցի դիմանալ, կուլ տալ, մարսել, բայց չեմ կարող լռել:
Քրոջիցս կարոտս առնելու համար որոշեցի մեկնել ՌԴ: Տարբեր մարդկանցից հարցումներով ճշտեցի, Վանաձորի Մյասնիկյան 5ա հասցեում գտնվող միջազգային ավտոբուսային ուղևորափոխադրմամբ զբաղվող օֆիսից գնեցի տոմսս սեպտեմբերի 12-ին Ռոստով մեկնելու համար: Տոմսս վերցրեցի, ուրախ-ուրախ տուն եկա, ու.... նկատեցի, որ տոմսի վրա չի նշված նստատեղի համարը: Օֆիսի տնօրենը բազմիցս հավաստիացրեց, որ անհանգստանալու կարիք չկա, հատկապես կանանց կհատկացվեն լավագույն տեղերը, և հավելեց, որ եթե նշվածից մի քիչ շուտ գամ, ինձ ամենալավ տեղը կտա:
Վերջապես մեկնումիս օրն է, ավտոբուսը նշված առավոտյան ժամը 11-ի փոխարեն Երևանից Վանաձոր ժամանեց 12 -30_ին: Երկհարկանի, արտաքուստ հարմարավետ ավտոբուսը վստահություն ներշնչեց մայրիկիս, սկսվեց իրարանցում, երկու մարդ կանգնեցին մուտքի դռան մոտ, հանեցին կշեռքը, սկսեցին իրերը կշռել ու հայավարի բարիշել նշված քաշից ավել կիլոգրամների համար: Մի կերպ անցա այդ խառնաշփոթի միջով, բարձրացա վեր տեղ գտնելու ու շվարած կանգնեցի, պարզվեց ավտոբուսը լեփ-լեցուն էր, նստելու տեղ չկար, ուր մնաց թե ինձ համար հատուկ: Վարորդները սկսեցին համոզել իբր Թբիլիսիում ուղևորներից պիտի իջնեն (այսինքն մինչև Թբիլիսի ոտքի վրա կամ հայավարի տաբուրետկայի վրա նստած պիտի գնայինք): Մի կերպ տեղ գտա մի կնոջ կողքին, ով փնթփնթալով ու դժգոհելով մի կերպ զիջեց բողոքելով, որ մի աթոռին նստած այդքան ճանապարհը ոնց է անցնելու: Հրաժեշտ տալուց հետո էլ մեկ ժամ կանգնեցինք ու նոր շարժվեցինք ապավինելով Աստծուն (ինչպես հետո պարզվեց ոչ անտեղի): Հայ-վրացական սահմանները մի քանի ժամում անցանք ու կանգ առանք Թբիլիսիում մի փոքր հանգստանալու, կարիքները հոգալու, ու... կանգառը տևեց մոտ 2 ժամ:
Ինչպես հետո պարզվեց, մեր ուղևորությունն ավելի շատ էքսկուրսիա էր վարորդների համար, ովքեր ողջ ճանապարհին որոշել էին նշել չգիտես ինչը: Երբ պարզ դարձավ իրական պատկերը, Թբիլիսիում չէինք կարողանում նրանց հեռացնել սեղանի ու օղու շշերի մոտից, բոլորս իջանք ավտոբուսից հայտարարելով, որ չենք շարունակի այդ վտանգավոր ճանապարհը գինովցած վարորդների հետ, ինչին վարորդը պատասխանեց, թե ով է տեսել, որ էդ Կազբեկի ճանապարհը սթափ անցնեն, հետն էլ լույսով: Համոզվելով, որ վարորդներից մեկը խմած չի, բարձրացանք ավտոբուս: Մեր արկածները շարունակվեցին ողջ ճանապարհին, մեր վարորդները մեկ ժամ վարում էին, մի 2 ժամ ուտում-խմում, նոր վերադառնում ու բարեհաճում շարունակել ճանապարհը: Մեր բողոքին ի պատասխանկիսախելագար բեռնակիրը սպառնում էր ձայն հանողին լյուկից դուրս շպրտել: Ողջ ճանապարհն անցանք վախի, զայրույթի, հիասթափության, երեխաների լացի, մեծերի բողոքախառն տնքոցների ներքո խոստացված 24 ժամվա փոխարեն Ռոստով հասնելով 34 ժամում: Ճանապարհին էլ պարզվեց, որ ավտոբուսը ոչ թե Ռոստով, այլ Մոսկվա գնացողն է, և որ Ռոստով մեկնողներին իջեցնելու են ոչ ավել, ոչ պակաս մայրուղու մեջտեղում:
Աչքիս էլ ոչինչ չէր գալիս ոչ ճանապարհի գեղեցկություն, ոչ բնապատկերներ, ոչ էլ լուսանկարելու մասին էի հիշում, նույնիսկ հաց ուտել չէի կարողանում, երազում էի տաք թեյի, ցնցուղի ու անկողնու մասին: Բարեբախտաբար վերջին պահին հրաման ստացան մտնել Ռոստով, ու էդպես վերջապես հայտնվեցի ոչ թե անծանոթ երկրի բանուկ մայրուղում, այլ ինձ դիմավորողների ջերմ գրկում: Պատմությունս ձգվեց, բայց այլ կերպ չեմ կարող: Հատկապես տեսնելով այլ ազգին ու նկատելով նրանց ջանքերն ու գործը եղածն ավելի լավ դարձնելու, խոր ցավ եմ ապրում: Դարերի պատմություն ունեցող մեր երկրում ամենաթողությունն արդեն ամենուր է: Ոմանց համար մարդկային կյանքը ոչ մի նշանակություն ու արժեք չունի, միակ նպատակը գրպանի պարունակությունն ու վզի շղթայի հաստությունն ապահովելն է: Թքած ունեն մարդու կարծիքի, ցավի, տառապանքի ու կյանքի վրա: Մեր առօրյան այժմ հիմնվել է ստի, կեղծիքի, խաբեությունների ու ստորությունների վրա: Մենք ինքներս ենք մեղավոր այն ամենի համար, ինչ ունենք այսօր մեր լռությամբ, մեր խեղճությամբ ու թողտվությամբ: Հ. Գ.
Երևանում միջազգային ուղևորափոխադրումների «Ֆորսաժ» օֆիսը տեղակայված է «Կայզեր» սուպերմարկետում: Հուսով եմ, որ այս ոդիսականի մասնակիցների գոնե 10%-ը չի լռել ու ինչ-որ կերպ արտահայտել է իր բողոքը: