23:57 , 5 հոկտեմբեր, 2013
Թերևս սա երրորդ դեպքն է, երբ հանրությունը, ասես թմբիրից արթնանում և փոքր-ինչ աշխուժանում է: Առաջինը դա նախագահական ընտրություններ էին, երբ ժողովուրդը ոտքի ելավ և իր ազատ կամքը դրսևորեց ընդդեմ գործող նախագահի: Երկրորդը` տրանսպորտի գնի թանկացման դեմ աշխուժացումն էր, երբ երիտասարդությունը անթաքույց արտահայտեց իր բողոքը: Դա անուղղակիորեն նույնպես ուղղված էր նախագահի դեմ: Իսկ երրորդը` ստրասբուրգյան աննախադեպ և անսպասելի գրոհն էր ընդդեմ նախագահի: Ինչպես տեսնում ենք, երրորդի դեպքում դժգոհության ալիքը դուրս է գալիս հանրապետության սահմաններից` իհարկե մեկ անձի համարձակության շնորհիվ: Սա, թերևս, աղաղակող փաստ է, երբ հանրության սոցիալական վիճակի բարելավում տեղի չի ունենում ներսում, ապա այդ մասին հարկադրված բարձրաձայնվում է Եվրոպայի բարձր ատյաններից:
Զարուհի Փոստանջյանը, ում`որպես ընդդիմադիր, քաջածանոթ են ոչ միայն մեր հանրությունում, այլև Եվրոպայում: Նրա հարցադրումներն ու հարցապնդումները, որոնք ուղղված են իշխանության դեմ, տհաճ են ու անընդունելի` բնականաբար իշխանական մարմինների կողմից: Ինչու ոչ, կարող են գտնվել անձինք, ովքեր երեսպաշտություն են դրսևորում, քանզի իսկապես պետք չէ մերկացնել մեր ոչ պատվաբեր բացերը, այն էլ` երկրի առաջին դեմքի թերությունները` նրա ոչ լեգիտիմ լինելու հետևանքով: Թեև դա կարող է ճշմարիտ լինել, սակայն այն գերադասելի է թաքցնել: Բայց չէ որ այդ կեղծ բարեպաշտության ծածկույթի տակ մենք մշտապես կբռնենք ստորաքարշության ուղին, ներսից կքայքայենք մեր բարոյական կերպարը:
Սակայն, չեմ կարծում, որ Զարուհի Փոստանջյանը իր հարցադրմամբ անպատասխանատու, անհիմն մեղադրանք է ներկայացնում նախագահին` այն էլ այդպիսի հեղինակավոր և օտար լսարանի առջև: Նախ պետք է հաշվի առնել, որ Զարուհի Փոստանջյանը ոչ միայն հմուտ, ակտիվ և խիզախ քաղաքական գործիչ է, այլև, որ ես շատ կարևորում եմ, մասնագիտությամբ նա արհեստավարժ իրավաբան է, իսկ իրավաբանը ստուգված փաստերով է խոսում:
Չգիտեմ, թե որքանով են այդ փաստերը լիարժեք ապացուցված, սակայն իրավաբանը այդ փաստերն ապացուցող այլ փաստեր էլ պետք է իր զինանոցում ունենա: Նրա խիզախությունը հիմնվում է համոզմունքի վրա: Այն, որ Զարուհի Փոստանջյանի հարցադրումների շուրջ տարբեր կարծիքներ և ակտիվություն է նկատվում, պարզապես դա պայմանավորված է անակնկալով և «էթիկայի» սահմաններից դուրս լինելով: Թերևս դա է պատճառներից մեկը, որ տարակարծություններ են առաջացել, բայց եթե ավելի ուշադիր ենք նայում լրատվամիջոցներում տեղ գտած և Զարուհու հասցեին ուղղված անհամաձայնություններին, ըստ էության, դրանք մեղադրանքներ չեն, դեռ ավելին սոցիալական վիճակը մեզանում այնքան խրթին է և ծանր, ընդ որում, կյանքի բոլոր բնագավառներում, որ նման քննադատությունները մի տեսակ համոզիչ չեն, քանի որ յուրաքանչյուրը անմիջականորեն առնչվում է այդ ծանր սոցիալական վիճակին: Իսկ ինչ վերաբերում է նախագահի պատասխաններին, պարզապես պետք է ասել, որ նա ինքն էլ անակնկալի եկավ:
Իսկ որ նա գերադասեց իր պատասխանում օգտագործել «մի մասը քեզ կտայի, որ չնեղվես»արտահայտությունը, դա նշանակում է մի կողմից ստորացնել կնոջը, մյուս կողմից մեծահոգի բարերարի տպավորություն ստեղծել: Այստեղ նախագահը իր բարձրության վրա չգտնվեց, իհարկե ջանում էր տալ դիվանագիտական պատասխան,սակայն ներքին զայրույթը դա թույլ չտվեց և իրեն մատնեց: Նա հերթական անգամ իրեն մեծարեց` ըդդմադիր ուժին ցածրացնելու հաշվին, ով իսկապես ժողովրդի մեծամասնության քվեն էր շահել և որն էլ ակնհայտ էր:
Իհարկե գերադասելի է, որպեսզի այդ բացախոսությունը, երկխոսության թափանցիկությունը ոչ թե մենք հարկադրված դուրս բերեինք հանրապետությունից, դրանով իսկ ապահովագրվելով ներքին հետապնդումներից, այլ մեզանում ստեղծենք անաչառ, մեր իսկ թերությունները մերկացնելու համակարգ: Մեզանում, ըստ էության բացակայում է ճշմարիտ խոսքի կայացման առերեսումը` նախագահի և ժողովրդի միջև:
Հոգեբ.գիտ.թեկնածու Ռ.Պողոսյան