«Զա-ռա», «Զա-ռա», «բրավո». քաղաքացիները դիմավորեցին Զ․ Փոստանջյանին


22:19 , 5 հոկտեմբեր, 2013

«Զա-ռա», «Զա-ռա», «բրավո». քաղաքացիները դիմավորեցին Զ․ Փոստանջյանին (տեսանյութ)1in.am-ը գրում է.

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայանում դիմավորեցին ոչ թե ձվերով և լոլիկներով` ինչպես խոստանում էր իշխող կուսակցության երիտասարդական թևը, այլ աղ ու հացով, ծաղիկներով, փուչիկներով, եռագույնը ծածանելով և « Զա-ռա», «Զա-ռա» բացականչություններով:

Օդանավակայան էին եկել քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ և պարզապես ՀՀ քաղաքացիներ, ովքեր համարում էին, որ Փոստանջյանը ԵԽԽՎ ամբիոնից բարձրաձայնել է հենց իրենց հուզող հարցը:

Նշենք, որ պատգամավորը տեսնելով մարդկանց բազմությունը՝ նույնիսկ հուզվեց և դժվարությամբ կարողացավ խոսքեր արտաբերել:

Նա նշեց, որ ԵԽԽՎ ամբիոնից բարձրաձայնել է հենց այն հարցը, որը հուզում է հայ ժողովրդի մեծամասնությանը, և դրա համար չի զղջում: Պատգամավորը հուզված արտասանեց. «Փոխելու ենք»: Այնուհետև քաղաքացիներին շնորհակալություն հայտնեց իրեն ջերմորեն դիմավորելու համար և հեռացավ օդանավակայանից:

Ներկաները նրան ճանապարհեցին. «Բրավո, Զառա, 21-րդ դարի Սոսե մայրիկ» բացականչություններով:

Ի դեպ, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն օդանավակայան չէր եկել: Ներկա էին կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և կուսակցության այլ անդամներ:

Մանրամասները դիտեք տեսանյութում: