Առանց փաստարկների յուրաքանչյուր մեղադրանք դառնում է անհիմն. Կարգին Հայկոն՝ Փոստանջյանի հարցի մասին


18:42 , 5 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Դերասան Հայկ Մարությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցին, նշեց, որ թեև շատերն ասում են, որ այդ հարցը բացասական կազդի Հայաստանի վարկանիշի վրա, սակայն ինքը բացարձակ համաձայն չի այդ դիտարկմանը, քանի որ Հայաստանի վարկանիշը, ցավոք սրտի, առանց այդ էլ այնքան ցածր է եվրոպական քաղաքական շրջաններում, որ ավելի ցածրացնել այն բավականին դժվար գործ է: 

Եվրոպացիները, նրա խոսքով, արդեն հույսները կորցրել են Հայաստանում դեմոկրատական փոփոխություններ անելուց, և մեր երկրում ընտրությունների գնահատականները հավասարեցրել են Քենիայում ընտրությունների գնահատականներին: 

«Քենիայի վերջին ընտրություների ժամանակ եվրոպական դիտորդներն արձանագրել էին մեկ քայլ առաջ: Այդ ընտրությունների ժամանակ սպանվել էր «ընդամենը» 4 հոգի: Եթե նկատել եք, մեզ մոտ էլ իրենք ընտրությունների ժամանակ միշտ արձանագրում են «մեկ քայլ առաջ»: Սա խոսում է այն մասին, որ եվրոպացիները լավ էլ, երևի թե մեզնից էլ լավ գիտեն Հայաստանում ինչ է կատարվում, ով ինչ է անում և ինչպես է անում: Մի խոսքով՝ ով ով է: Խնդրում եմ, թող ոչ ոք չմտածի` եթե իրենք բան չեն ասում և բարի դեմքով ժպտում են, ուրեմն հիմար են»,- ասաց Հայկ Մարությանը:

Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի հարցին, ապա, ըստ դերասանի, ոչ թե վատ էր, որ այդ հարցը նա տվեց, վատ էր այն, որ այդ հարցը տալուց հետո նա չուներ փաստարկներ՝ կապված իր ասածի հետ: Այդ քայլով, նրա խոսքով, ավելի շատ տուժեց Հայաստանի ընդդիմությունը, քան իշխանությունը: «Առանց փաստարկների յուրաքանչյուր մեղադրանք դառնում է անհիմն և նմանվում սրճարանային խոսակցության»,- ասաց Հայկ Մարությանը: