15:12 , 27 դեկտեմբեր, 2025
Խոսելով հայ-ադրբեջանական տնտեսական հարաբերություններից ակնկալվող օգուտների թեմայով՝ ՔՊ-ական Հակոբյան Հասոն «գլուխ է արդուկել»՝ պատմելով այն մասին, թե որքան կարևոր է խաղաղության հարատևության տեսանկյունից տնտեսական փոխադարձ կախվածությունը:
Հասոն թերևս փորձել է արդարացնել Գռզոյի կողմից ադրբեջանական բենզինի ներկրումն ու վաճառքը. համոզում է, թե եթե Գռզոն ավելի շատ նավթամթերք բերի Ադրբեջանից, խաղաղությունն անշրջելի կլինի:
Համաշխարհային փորձը հուշում է, որ տնտեսական համագործակցությունը շատ հաճախ արգելք չի հանդիսանում պատերազմների բռնկման ճանապարհին. եթե պետք է լինում, երկրները միմյանց վրա հարձակվում են, իրար համար խնդիրներ են ստեղծում, ինչի ամենաթարմ ապացույցն Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմն է. Ուկրաինան էլ, ԵՄ-ն էլ ՌԴ-ի հետ շատ լավ ու շահավետ տնտեսական հարաբերություններ ունեին, բայց դա չխանգարեց, որ ՆԱՏՕ-ն «ձեռնոց նետի» ռուսներին:
Ինչ վերաբերում է տնտեսական կախվածությանը, ապա հարց է առաջանում՝ Ադրբեջանն ինչպե՞ս է հյատնվելու Հայաստանից տնտեսական կախվածության մեջ, Հասոն կասի՞: Այդ ի՞նչ չունի Ադրբեջանը, որ ունի Հայաստանը: Լոլիկ ու վարունգ չունի՞, թե հայկական ծիրան է ուզում Իլհամն ուտել, ձեռքին ճար չունի: Չե՞ն կարող այլ տեղից բերել պակասողը, Հայաստանի հույսի՞ն են մնացել: Գուցե TRIPP-ն է Հասոյի հույսը, բայց չէ՞ որ այն այլևս ՆԱՏՕ-ինն է, իսկ Նիկոլի ներկայությունն այդ պրոյեկտում հույժ ձևական է: Այսինքն՝ Հայաստանը չունի որևիցե իրական լծակ՝ Ադրբեջանին իրենից փոխկախվածության մեջ գցելու, ընդհակառակը՝ այդ Բաքուն է մտադիր մեզ վրա տնտեսապես գերիշխել, որպեսզի մաքսիմալ կառավարելի դարձնեն նաև Հայաստանի արտաքին քաղաքականությունը, և Գռզոյի բենզինն այս ճանապարհին արված առաջին քայլն է միայն, որ ձեռնտու է նաև Արևմուտքին: