Սևանի ափին հողին է հավասարեցնում Հակոբջանյանի շքեղ առանձնատան մի մասը, որտեղ խնջույքներ էր անում Գնել Սանոսյանը


18:42 , 25 դեկտեմբեր, 2025

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արցախցի գործարար Արման Հակոբջանյանի՝ Սևանի ափին 2020-ին կառուցված առանձնատան լողավազանն արդեն մի քանի օր է ապամոնտաժվում է «Սևան ազգային պարկի» կողմից:

Հիշեցնենք, որ Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի որդու՝ Արման Հակոբջանյանի առանձնատունը կառուցում էր առանց պարտադիր բնապահպանական փորձաքննության: 2021-ին, սակայն, ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացություն է ստացել և Սևանի ափին մեկ առանձնատան փոխարեն կառուցել է երկու առանձնատուն՝ ըստ Հետքի:
Հակոբջանյանի առաջին հայացքից թանկարժեք թվացող լողավազանների քանդման համար հատկացվել է 3 տեխնիկա։ Բացի սա, տարածքը հսկում էին նաև էկոպարեկները ցամաքում տեխնիկայի կողքին կանգնած, իսկ ջրում՝ շրջում էին նավակներով։

ՇՄԱԳ-ի նախագծում Արման Հակոբջանյանը կցել է կառուցապատման ընդամենը մեկ հատակագիծ՝ տարածքում մեկ լողավազան կառուցելու։ Սակայն, երկու լողավազան է առկա որոնցից մեկը քարե տան դիմաց է, իսկ մյուսը՝ հենց լճի մեջ՝ ձկնարտադրության նպատակով։ Լճի մեջ կառուցված լողավազանի հարակից հատվածները քարապատ կամ բետոնապատ են, որոնք էլ հենց քանդվում են։
Հիշեցնենք, որ Հակոբջանյանը մտերիմ հարաբերությունների մեջ է Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանի հետ, ով հիմա Ամուլսարի միայն թղթի վա գոյություն ունեցող հանքավայրում է բարձր աշխատավարձով աշխատում:

Այսօր ArmLur.am-ին հենց դեպքի վայրում պատմեցին, որ Հակոբջանյաններից շատ այս տարածքում խնջույքներ, հյուրընկալություններ է կազմակերպել հենց Գնել Սանոսյանը: Հիմա նա չկա, չի այցելել՝ տեսնելու, թե ինչպես են քանդում իր օրոք կառուցված շինությունները:

ArmLur.am-ին Գլխավոր Դատախազությունից հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հայտարարել էր, որ Դատախազությունը մեկնարկել է Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրված միջնորդագրերի արդյունքում, այս պահի դրությամբ Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր, տարբեր անձանց պատկանող 10 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) են ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական շուրջ 20շենք-շինություններ, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել է) 2 պայմանագիր:

Վերջում հատուկ շեշտենք, որ Սևանա լճի տարածքում առկա են 3800 ապօրինի կամ քանդման ենթակա շենք շինություններ, որոնց մասին գրել է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան օրաթերթը, սակայն դեռ 2-ի քանդումն ենք արձանագրել. Սասուն Միքայելյանի կիսաքանդ տնակները և Հակոբանյանի լողավազանն ու հարակից պատերը: