Փոստանջյանի պահվածքը պատմության մեջ կմնա իբրև զվարճալի օրինակ. սոցիոլոգ


15:05 , 5 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Աշխարհում կան սրբություններ և պահանջներ, որ պետք չէ ինչ-որ մեկին ստիպել անել, քանի որ դրանք շատ բնական են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում ցուցաբերած պահվածքին: 

Նրա խոսքով՝ Անգլիայում գործում է օրենք՝ չի կարելի պղծել դրոշը և թագուհու անունը: «Մենք պետք է հարգենք նախագահի, վարչապետի ինստիտուտը, Ազգային ժողովի և նրա խոսնակի ինստիտուտը, կապ չունի՝ ով է այնտեղ, դա քաղաքական տակտ է: Փոստանջյանի հարցը սոփեստական է, դրանում կա պնդում՝ որտեղից եք վերցրել այդ գումարները, որ կազինոյում կրվել եք, այսինքն՝ հարցի մեջ վստահություն կա, որ նա խաղացել է կազինոյում»,- ասաց նա: 

Սոցիոլոգի խոսքով՝ կազինոյում բոլոր գործողությունները նկարահանվում են, ով կազինոյում կրվում է մի անգամ` հայտնի է, դրանց ռեկորդակիրները Քուվեյթի կամ Դուբայի շեյխերն են, յոթանասուն միլիոն դոլար կրվելը հեշտ չի: Քանի որ մեր երկրում իշխանամետ զանգվածն ավելի մեծ է, քան ընդդիմադիրը, Ադիբեկյանը կարծում է՝ Փոստանջյանի վարկանիշն իջավ: Փոստանջյանին պաշտպանեցին ժողովրդական-ամբոխավարական կուսակցության ներկայացուցիչները, ովքեր սեփական մորը կվաճառեն: Նախագահն, ըստ Ադիբեկյանի, ընկալվեց, Վեհաժողովի ներկայացուցիչները արդեն հետնահանջ են արել, չեն պնդում, որ որևէ փաստաթուղթ չեն ստորագրի, այսինքն՝ նախագահն իր նպատակին հասել է, նա կարողանում է կամուրջները պահպանել Եվրոպայի հետ: 

Փոստանջյանին սպասվող պատժի ամենաօրինական ճանապարհն, ըստ սոցիոլոգի, հետևյալն է. կա հոդված՝ պատվի վերաբերյալ, երբ մեկը անօրինական հայտարարություն է անում, պատիվ ես պահանջում դատարանում, իսկ դրա համար Փոստանջյանը պետք է զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից: «Ինչքան շուտ մոռանանք այս միջադեպը, այնքան ավելի լավ, մենք այդ ընկերուհուն ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, քան մյուս՝ մեր երկրի համար ավելի կարևոր գործերին: Պատվիրակությունից հետկանչումը մեծ պրոցեդուրային աշխատանք է, ես գիտեմ, որ հետկանչի դեպքում էլ նույն՝ հաստատման պրոցեդուրաներն են անցնում: Սերժ Սարգսյանն ակնթարթային ճիշտ պատասխան տվեց, նա չկմկմաց, ուստի դա կմնա պատմության մեջ իբրև զվարճալի օրինակ»,- ասաց նա: 

Ադիբեկյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն, իբրև պրագմատիկ քաղաքական գործիչ, կարողացավ, վերահսկելով բանակցային պրոցեսը, հասնել նրան, որ ՌԴ-ն Հայաստանին ՄՄ մտնելու համար մեծ երաշխիքներ և ավանս տվեց՝ ատոմակայանի կառուցումը: ԵԽԽՎ-ում նախագահի ելույթը ցույց տվեց, որ նա հասավ իր նպատակին՝ չստորագրելով Ասոցացման համաձայնագիրը, այնուամենայնիվ, նա հույս ունի ստորագրել մի համաձայնագիր: Եվրոպան, ըստ Ադիբեկյանի, չի կարող ապահովել մեր անվտանգությունը, մենք գտնվում ենք Ռուսաստանի ռազմական վահանի տակ: Սոցիոլոգը, սակայն, ապագան անկանխատեսելի է համարում` նշելով, որ կարող է գալ ժամանակ, երբ Եվրոպան ինքը գա, մտնի Մաքսային միություն, ՌԴ-ն էլ կարող է գնա և Եվրոպային խնդրի՝ օգնիր, հասնեմ քո մակարդակին: