Ի՞նչ թշնամի, ի՞նչ բարեկամ, հո դուք կռիվ կինո չե՞ք նայում
16:02 , 18 դեկտեմբեր, 2025
Հայտարարելով, թե թշնամիների ու բարեկամների մասին պատկերացումները արհեստական են՝ ստեղծված Հայաստանից դուրս՝ կառավարելու մեզ՝ Նիկոլը «ապամոնտաժել է» հայտնի ասույթն այն մասին, որ չկան հավերժական բարեկամներ կամ թշնամիներ, այլ կան հավերժական շահեր: «Իմ ընկալմամբ՝ ճշմարտությունն է նա, որ չկան թշնամիներ, և չկան բարեկամներ. կան ուղղակի միջազգային հարաբերություններ»,-հայտարարել է Նիկոլն ու հավելել, թե պետությունն այն ժամանակ է հասունանում, երբ հասկանում է, որ չկան բարեկամներ ու թշնամիներ:
Փաստորեն՝ բրիտանացիները մի Նիկոլի պետւթյան չափ էլ չկային, որ հասկանային այս «պարզ ճշմարտությունը»: Իսկապես, ի՞նչ թշնամի, ի՞նչ բարեկամ, հո դուք կռիվ կինո չե՞ք նայում. սա նոր Հայաստանն է, որտեղ թացը չորի հետ ոտքի հետ գնում է ու որտեղ թշնամին հռչակվում է բարեկամ և հակառակը: Օրինակ՝ մի՞թե եղբայրական ժեստ չէր Էրդողանի հայտնի հայտարարությունը, որով նա Էնվերի հոգին էր փառավորում Ադրբեջանում: Իսկ ո՞վ է ասել, որ Իլհամն է մեր թշնամին, ինչո՞ւ է թշնամի, որ իր երկիրն է հայի արյան հաշվին հզորացնո՞ւմ, բա լավ է անում, պետք է անում է, միջազգային հարաբերություններ չե՞ն…
Եթե մի երկիր տարբերություն չի դնում իր բարեկամի ու թշնամու միջև՝ համարելով,թե իրեն դրսից են պարտադրել ինչ-որ ստերոտիպեր, չի կարող գոյություն ունենալու շանս ունենալ հատկապես մի դեպքում, եթե այդ երկրի ղեկավարն աշխարհըկալման հետ լուրջ խնդիրներ է ունենում: